Արդարադատության նախարարությունը փոփոխություններ է նախաձեռնել իրավաբանական անձանց պետական գրանցման ու հաշվառման վերաբերյալ օրենքում։
ՀՀ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը հայտնել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում էր գրանցման, հաշվառման գործընթացի բարեփոխման, դյուրացման, Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել հեշտ ու հասանելի դարձնելու ձգտումից։
Գործող օրենքով սահմանված է իրավաբանական անձանց պետական գրանցման պետական միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների սպառիչ ցանկը։ Գործող կարգավորումներով իրավաբանական անձի լուծարման, պետական գրանցման համար ներկայացվում են նաև դատական դեպարտամենտի եւ հարկադիր կատարումն ապահովող ծառայության տված տեղեկությունները, իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված եւ չավարտված դատական գործերի եւ վարույթների բացակայության վերաբերյալ։ Նախագծի ընդունման դեպքում այդպիսի տեղեկանքներ ներկայացնելու պահանջը հանվում է։