ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը հայտարարել է, որ Վաշինգտոնը շահագրգռված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքմամբ:
Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ը ակտիվորեն ներգրավված է գործընթացում եւ շահագրգռված է խաղաղության համաձայնագրով: ԱՄՆ-ը նախարարների եւ ղեկավարների միջեւ շփումը պահպանելու համար կշարունակի ուղիներ փնտրել: Քարփենթերը կարեւորել է Եվրամիության գործընկերների հետ սերտ համագործակցությունը եւ շեշտել, որ Վաշինգտոնը դիտարկում է ԵԱՀԿ գործիքակազմը կիրառելու հարցը:
ԵԱՀԿ-ն Հայաստանի խնդրանքով արդեն հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմ կարիքների գնահատման խումբ է ուղարկել: Կառույցն աջակցում է նաեւ ԵՄ ջանքերին: Ըստ Քարփենթերի՝ Միացյալ Նահանգների նպատակը սահմանի՝ հնարավորինս շուտ սահմանազատումն է:
Քարփենթերը նշել է, թե ԱՄՆ-ը ձգտում է, որ երկու կողմերի միջեւ հնարավորինս շուտ համաձայնեցվի խաղաղության համաձայնագիրը, որ խաղաղությունն ու կայունությունը վերադառնան տարածաշրջան, որ այնտեղ ապրող մարդկանց իրավունքները եւ անվտանգությունն ապահովվեն, եւ «բացենք Հարավային Կովկասի պատմության նոր էջը»:
«Ակնհայտ է՝ այս նպատակին հասնելու համար որոշ ժամանակ կպահանջվի, բայց մենք ձգտում ենք անելու հնարավորը՝ դա ապահովելու համար»,- ընդգծել է դիվանագետը: