Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւ։ Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձեւը.
-Կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակում եւ վերադարձ հայրենիք:
-Առաջարկում է Կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների եւ օկուպացիայի շարունակման պարագայում:
-Կոչ է անում Կառավարությանը շարունակելու միջնորդական ջանքերի գործադրումը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով՝ համաձայն ԱԺ 2020 թվականի թիվ 502 բանաձեւի դրույթների (նշված բանաձեւով կառավարությանն առաջարկվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղը):
-Առաջարկում է Կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը:
-Կոչ է անում միջազգային կազմակերպություններին ձեռնարկելու բոլոր միջոցները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։
Բանաձեւը ներկայացվել է Ազգային ժողովի մեծամասնության՝ իշխանական «Վերածնունդ» խմբակցության անունից։