ՀՀ Կառավարությունը դեկտեմբերի 1-ին հավանության է արժանացրել «Կենսաբանական զենքերի ստեղծման համար օգտագործելի տեխնոլոգիայի, ախտածինների եւ փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի խմբագրված տարբերակը վավերացնելու նախագիծը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջեւ 2010-ին ստորագրված այս համաձայնագիրն առ այսօր չէր վավերացվել դրանում Հայաստանին ներկայացվող պարտադիր պահանջների պատճառով։
Ըստ համաձայնագրի 4-րդ հոդվածի 5-րդ կետի՝ հայկական կողմը պարտավորվում էր ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտին փոխանցել պահանջված այն վտանգավոր ախտածինների նմուշները, որոնք հավաքվել են ՀՀ-ում պրոֆիլակտիկ, պաշտպանական կամ այլ խաղաղ նպատակներով:
Նմուշները փոխանցելու պարտադիր բնույթը դարձել է հայեցողական
2022-ի սեպտեմբերի 30-ին ստորագրված նոր համաձայնագրում այս կետը խմբագրվել է, վտանգավոր ախտածինների նմուշները ամերիկյան կողմին փոխանցելու պարտադիր բնույթը դարձել է հայեցողական եւ վերաբերելու է միայն հարուցիչ պարունակող ախտաբանական նյութերին, որոնք կհայտնաբերվեն Հայաստանում վտանգավոր հարուցիչի բռնկման, համաճարակների կամ դրանց հետ կապված վտանգի դեպքերում։ Այս փոփոխությունից հետո ՀՀ Կառավարությունը նպատակահարմար է համարում համաձայնագրի վավերացումը, քանի որ այն համապատասխանում է ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը եւ ստանձնած միջազգային պարտավորություններին:
Նախագծում նշվում է, որ համաձայնագրի վավերացմամբ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները կբարձրացվեն նոր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի, հնարավորություն կընձեռվի զարգացնելու հանրային առողջության հնարավոր վտանգների եւ սպառնալիքների բացահայտման, լաբորատոր կարողությունները, ներդնելու մշտադիտարկման համակարգ, ռիսկերի նվազեցման, բնակչության առողջապահական կրթման ծրագրեր, զարգացնել առողջապահության ոլորտում գիտական հետազոտությունների իրականացումը եւ հնարավորինս կանխել երկրի տարածք վարակիչ հիվանդությունների ներմուծումն ու տարածումը։