Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության ղեկավարները նախազգուշացրել են, որ ապագլոբալացումը (կամ դեգլոբալիզացիան) բացասական հետեւանքներ է ունենալու համաշխարհային տնտեսության վրա։ Քրիստալինա Գեորգիեւան եւ Նգոզի Օկոնջո-Իվեալան կոչ են արել ապագլոբալացման փոխարեն քայլեր ձեռնարկելու մատակարարումների շղթաների դիվերսիֆիկացման համար։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո հանդես գալով հայտարարությամբ՝ ԱՄՀ ղեկավար Քրիստալինա Գեորգիեւան ասել է, որ գլոբալացումը բախվել է Երկրորդ աշխարհամարտից հետո ամենալուրջ խնդիրներին, որոնք են կորոնավիրուսային համավարակն ու ռուս-ուկրաինական պատերազմը։ Նա հորդորել է չխզել առեւտրային հարաբերությունները, որոնք օգուտ են բերում բոլորին։
Առեւտրի համաշխարհային կազմակերպության ղեկավարն էլ նույն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ եթե համաշխարհային տնտեսությունը բաժանվի երկու առեւտրային ճամբարի, ապա երկարաժամկետ հեռանկարում գլոբալ ՀՆԱ-ն կկրճատվի 5 տոկոսով։ Սա ի դեպ ԱՀԿ-ի գնահատականն է։ Օկոնջո-Իվեալան շեշտել է, որ առեւտրից հրաժարվելն ու հովանավորչությունը (պրոտեկցիոնիզմը) ոչ թե կնպաստեն առկա խնդիրների լուծմանը, այլ ավելի կբարդացնեն այդ խնդիրները։ «Հովանավորչությունը, պառակտումը, հատվածականացումը չափազանց քայքայիչ երեւույթներ են եւ մեզ վրա շատ թանկ են նստելու»,- ասել է ԱՀԿ ղեկավարը։
Ընդ որում՝ ե՛ւ ԱՄՀ, ե՛ւ ԱՀԿ ղեկավարները համակարծիք են եղել, որ համաշխարհային տնտեսության ապագլոբալացումն ու հատվածականացումը առավել շատ հարվածելու են զարգացող երկրներին ու զարգացող շուկաներին։ Նշված կատեգորիաների ՀՆԱ-ների համար բացասական ազդեցությունը չափվելու է երկնիշ թվերով։
Այս ամենի փոխարեն Օկոնջո-Իվեալան կոչ է արել ողջամիտ քայլեր ձեռնարկելու արտադրության ապակենտրոնացման ուղղությամբ եւ չափազանց հույս չդնելու «բարեկամներին ներգրավելու» հեռանկարի վրա, քանի որ «ով այսօր բարեկամ է, վաղը կարող է դառնալ հակառակորդ»։
Պատրաստեց Արման Գրիգորյանը