Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջարկած՝ ԲՐԻԿՍ երկրների հետ միասնական վճարումային համակարգի ստեղծումը հազիվ թե արդյունավետորեն կյանքի կոչվի, քանի որ նույնիսկ ԵԱՏՄ ներսում ֆինանսական ինտեգրացիան այնքան էլ արդյունավետ չէ։
Թեեւ 2014-ից խնդիր էր դրվել վճարումներ կատարելիս զերծ մնալ դոլարով գործարքներից եւ ընդլայնել ռուսական ռուբլով վճարումները, սակայն գործընթացը շատ է դանդաղում։ Ճիշտ է, ռուսական ռուբլով կատարվող վճարումային գործարքների ծավալը մի քանի անգամ ավելացել է, սակայն ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր առեւտրաշրջանառությունը եղել է 69 միլիարդ դոլար, ինչն ընդամենը ռուսական ընդհանուր առեւտրաշրջանառության ծավալի 9 տոկոսն է:
Վճարումային հաշվարկների առանձնահատկությունը թույլ է տալիս ասել, որ ըստ էության ռուսական ռուբլին կիրառվել է որպես ԵԱՏՄ գործընկերների քողարկված վարկավորման գործիք։ Համեմատաբար ավելի մեղմ պատժամիջոցների պայմաններում վերջին ութ տարում վերոնշյալ առաջադրված խնդիրը գործնականում հնարավոր չի եղել իրականացնել, եւ այժմ իրավիճակն ավելի է բարդանում պատժամիջոցային ճնշումների անհամեմատ խստացման, առավել ծավալուն պատժամիջոցների եւ պոտենցիալ գործընկերների համար երկրորդային պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգի պայմաններում։
Ավելին՝ ԲՐԻԿՍ երկրների համար նույնիսկ նախադրյալներ չկան փոխադարձ առեւտրային հաշվարկները կատարելիս ազգային արժույթներին անցնելու համար, ինչը պայմանավորված է արտաքին առեւտրի ներկրում-արտահանում հաշվեկշռի անհավասարակշռությամբ կամ էլ միմյանց միջեւ առեւտրային թույլ կապերով։
Ընդհանուր մտայնությամբ՝ հետեւողական ինտեգրացիայի առաջին փուլերից մեկը փոխադարձ առեւտրի եւ ներդրումների ծավալների շեշտակի աճը պետք է լինի։ Սակայն ներկայում նման բան պարզապես չկա։ Մյուս կողմից՝ երկրորդային պատժամիջոցների սահմանումը գործնականում դադարեցրել է «ՄԻՐ» վճարումային համակարգի զարգացումը, եւ տարբեր երկրների բանկեր պարզապես հրաժարվում են վերջինիս կիրառումից։
Սակայն չպետք է աչքաթող անել այն հանգամանքը, որ այժմ խորանում է համաշխարհային տնտեսության ռեգիոնացումը, որը կարող է հանգեցնել նոր տնտեսական միությունների, միջազգային վճարումային մեխանիզմների ստեղծմանը, հնարավոր է նաեւ՝ նոր միջազգային արժույթների ի հայտ գալուն։ Սակայն, ըստ փորձագետների, քիչ հավանական է, որ դրանք տեղի ունենան նախկին ինստիտուտների շրջանակներում, որոնք դեռեւս դժվարությամբ են կարողանում ցուցադրել իրենց արդյունավետությունը։
Պատրաստեց Արման Գրիգորյանը