Հայաստանի ԱԳՆ-ից մեկնաբանել են Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի՝ նոյեմբերի սկզբին սահմանին տեղի ունեցած հայ-թուրքական տեխնիկական պատվիրակությունների հանդիպման մասին հայտարարությունը: ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հիշեցրել է, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը այդ հանդիպման վերաբերյալ տեղեկությունը հանրայնացրել էր դեռեւս նոյեմբերի սկզբին:
ԱԳՆ խոսնակը տեղեկացրել է նաեւ, որ հանդիպմանը հայկական կողմից ներգրավված են եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների՝ հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում իրավասու գերատեսչությունները: «Հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռք բերված պայմանավորվածությունների կիրարկմանը վերաբերող տեխնիկական հարցեր: Քննարկումները շարունակվելու են»,- ըստ «Արմենպրես»-ի՝ նշել է Հունանյանը:
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ երկու երկրի ներկայացուցիչները եղել են սահմանի երկու կողմում եւ անգամ ճաշել Հայաստանի տարածքում։ «Քննարկվել են սահմանների բացման ժամանակ իրականացվելիք աշխատանքները, կամրջի վերանորոգման, սահմանի վերահսկման, անցակետերի վերաբերյալ հարցեր: Այս առումով կարող ենք ասել, որ գործընթացում դրական տեղաշարժ կա»,- ասել էր Քալընը: