Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Թբիլիսիի Ազատության հրապարակում բողոքի ցույց է անցկացվել: Ցույցի մասնակիցները պահանջել են փոխել Թբիլիսիի Ազատության հրապարակում տեղադրված ամանորյա կարգախոսը։
Նոյեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ Թբիլիսիի ամանորյա գլխավոր կարգախոսն է լինելու «Խաղաղության քաղաք»–ը։ Քաղաքապետարանը նույն կարգախոսը տեղադրել է Ազատության հրապարակի տոնածառի մոտ: Կարգախոսը դարձել է հասարակության մի մասի քննադատության պատճառը։ Ընդդիմադիր «Լելո» կուսակցությունից Սաբա Բուաձեն ասել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դրանով փորձում է քաղաքական դիվիդենտներ ստանալ:
Ի պատասխան` Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է, որ եթե Վրաստանում քաղաքական գործընթացներն այլ կերպ ընթանային վերջին մեկուկես տարում, եւ իշխանության վերադառնար ընդդիմությունը, Թբիլիսին կլիներ ոչ թե խաղաղության, այլ պատերազմի քաղաք։