ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների պրահյան հանդիպմանը, ուշադրություն է հրավիրել Պրահայի հայտարարության տեքստի վրա։ Փաստաթղթում նշվում է, որ սահմանազատումը եւ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինեն ՄԱԿ-ի կանոնադրության եւ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի համաձայն ճանաչված սահմանների վրա:
«Հռչակագրում ասվում է, որ բոլոր միութենական հանրապետությունները կազմում են Անկախ Պետությունների Համագործակցություն եւ հաստատում են անխախտելիությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել միութենական հանրապետությունների միջեւ։ Այլ կերպ ասած, այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը միանշանակ Ադրբեջանական ԽՍՀ-ի մաս էր»,-ասել է Լավրովը։
Բաքուն պատրաստ է քննարկելու եւ ԼՂ հայերին տրամադրելու իրավունքների բոլոր երաշխիքները․ Լավրով
Ըստ ՌԴ արտգործախարարի` Պրահայի հայտարարությունն արժանացել է Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի եւ Եվրախորհրդի ղեկավարի հավանությանը, իսկ դա հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ որոշում է ինչպես մոտենալ ԼՂ կարգավիճակի հարցին:
«Եվ իզուր չէ, որ հայկական ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ այնքան Ղարաբաղի կարգավիճակից, որքան նրանից, որ պետք է ապահովել Ղարաբաղում հայ բնակչության իրավունքները։ Դրան պատրաստ է ադրբեջանական կողմը, եւ պատրաստ է քննարկելու եւ նրանց տրամադրելու իրավունքների բոլոր երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»,- հավելել է Լավրովը։
Չունենալով նախկին միութենական հանրապետությունների քարտեզը՝ սահմանազատումն անհնար է քննարկել ․ Լավրով
ՌԴ արտգործախարարի համոզմամբ Մոսկվան Հայաստանին եւ Ադրբեջանին օգնում է սահմանազատման հարցում եւ աջակցություն կցուցաբերի Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղ պայմանագրի համաձայնեցմանը։ Ըստ Լավրովի՝ «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից հետո Արեւմուտքը պաշտոնապես հայտարարել է, որ իրենք Ռուսաստանի հետ ոչ մի տեղ, ոչ մի ձեւաչափով չեն մասնակցելու։ «Դրանով նրանք հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտի մասին»,- շեշտել է Լավրովը։
Ըստ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ Փարիզը, Վաշինգտոնն ու Բրյուսելը փորձում են սեփականաշնորհել ռուսական մասնակցությամբ կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Օրինակ` Բրյուսելում սահմանազատման հանձնաժողովի նիստ են անցկացնում։ Դե, ե՛ւ հայերը, ե՛ւ ադրբեջանցիները քաղաքավարի մարդիկ են, նրանք գնում են այնտեղ։ Բայց թե ինչպես կարելի է քննարկել սահմանազատումը` ձեռքներին չունենալով նախկին միութենական հանրապետությունների քարտեզը, որոնք միայն ՌԴ գլխավոր շտաբում են, ինձ համար դժվար է պատկերացնել»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը։