Վերլուծելով վերջին ամիսների ներքաղաքական զարգացումները՝ գալիս ենք այն ընդհանրական եզրակացությանը, որ խորհրդարանական ընդդիմությունն ի վերջո դարձել է իր իսկ ստեղծած քաղաքական միֆի զոհը։
2018 թվականից ի վեր ընդդիմադիրների հռետորաբանության առանցքային ուղղությունը Փաշինյան գործչի նսեմացումն էր։ Վերջինս ներկայացվում էր անզուսպ խելագարի, մարտնչող տգետի, միամիտ եւ ոչ կոմպետենտ կառավարչի, ճակատագրի բերումով պատահականորեն վարչապետ դարձածի կերպարներով։
Դեռեւս 2020-ին հոդվածներից մեկում գրել էի, որ մոտեցումն այս անթույլատրելի է, քանի որ չի կարելի քաղաքական պայքարում Փաշինյանին թերագնահատել կամ էլ հեգնանքով վերաբերվել նրա ներուժին։ Կարծում եմ՝ ոչ վաղ անցյալի այս արձանագրումը ապացուցվում է փաստերով։ Երկու տարվա համառ եւ անզիջում պայքարից հետո Փաշինյանը պարզապես ջախջախեց ընդդիմությանը՝ կասկածի տակ դնելով դրա գոյության եւ գործունեության հեռանկարներն ընդհանրապես։
Քննադատներն իհարկե կարող են արդարանալ՝ ասելով, թե հաղթանակի հիմքում արտաքին աջակցությունն է, կամ էլ ժողովուրդը տգետ է ու մոլորված։ Կբերեն նաեւ այն հակափաստարկը, թե հաջողության գրավականը ուժային կառույցների եւ վարչական ապարատի ներգործությունն է։ Արդարացումներն այս խիստ խոցելի են, եւ ես, այնուամենայնիվ, մնում եմ այն կարծիքին, որ ինստիտուցիոնալ եւ ինտելեկտուալ հիմքերի վրա խարսխված պայքարը նոյեմբերի 9-ից հետո կարող էր հաղթանակի հասնել, քանի որ պետական համակարգը գրեթե փլուզվել էր, եւ իշխանության գոյությունը մազից էր կախված։
Փոխարենը ընդդիմությունն այդպես էլ ո՛չ այլընտրանքային ծրագիր ներկայացրեց եւ ո՛չ էլ ճգնաժամից դուրս գալու ճանապարհային քարտեզ, ընդհակառակը՝ առաջնային պլան մղեց ատելության քարոզը, իռացիոնալ տեքստերի վերարտադրությունն ու նողկալի հայհոյանքի մշակույթը։ Թերեւս հենց սա է պատճառը, որ ընդդիմադիրներն այդպես էլ չընկալվեցին ժողովրդական լայն զանգվածների կողմից։
Այս գործում նախկին-ներկա միֆական հարացույցը զուտ քարոզչական, մակերեսային նշանակություն է ունեցել՝ ընդամենը ապահովելով արդեն իսկ կուտակված բացասական վերաբերմունքի արտաքին շղարշը։ Ես հավատացած եմ, որ միֆական ստրուկտուրաները հնարավոր է ճեղքել միայն ողջամտության եւ ռացիոնալ որոշումների միջոցով, քանի որ ազգը որպես հավաքականություն չի կարող իռացիոնալ լինել։
Ընդդիմությունն էլ կարող էր ճեղքում արձանագրել, բայց 2020-ից հետո այն նույնիսկ չփորձեց էլ ողջամտության եւ ռացիոնալության նշույլներ ցույց տալ՝ մնալով ինքն իր սահմանափակության մեջ եւ միաժամանակ օտարվելով ժողովրդից։
Բացի այդ անհրաժեշտ է նկատել, որ ընդդիմադիրները հենց առաջին իսկ օրվանից ամենայն կարճամտությամբ իրենց ոտքերի տակ ականներ էին տեղադրել՝ հրապարակ նետելով անհավանական խոստումներ եւ իրականությունից կտրված ապաղաքաղաքական երազանքներ։ Դրա հետեւանքով նրանք մի կողմից անընկալելի էին դառնում արտաքին աշխարհի համար, մյուս կողմից էլ երաշխավորում էին իշխանության հասնելու հենց հաջորդ օրը քաղաքական դիակ դառնալու իրենց իսկ հեռանկարը։
Ամեն ինչ շատ պարզ է, գալով իշխանության՝ նրանք ներքաշվելու էին այն նույն բանակցային գործընթացի մեջ, ինչ Նիկոլ Փաշինյանը, եւ չէին կարողանալու իրենց հետեւորդներին բացատրել, թե ինչու Շուշին եւ Հադրութը բանակցություններով հետ չեն բերում կամ էլ ինչու չեն բանակցում Արցախի կարգավիճակի վերաբերյալ։
Այսինքն՝ իր կարճատեսության եւ ապաշնորհության պատճառով ընդդիմությունն անընկալելի է դարձել ինչպես Հայաստանի ժողովրդի, այնպես էլ արտաքին դերակատարների համար։ Հենց այս համատեքստում էլ Փաշինյանի խելագար եւ տգետ լինելու միֆը, որը հետեւողականորեն ստեղծվել է ընդդիմության կողմից, անմիջապես հօդս է ցնդում, քանի որ տգետն ու խելագարը չէր կարող հենց այնպես վերցնել ու հաղթել իր բոլոր հակառակորդներին։
Ինձ թվում է՝ գործ ունենք լրիվ հակառակ իրականության հետ։ Նիկոլ Փաշինյանը մի գլուխ բարձր է իր բոլոր ներքաղաքական մրցակիցներից։ Նա խորամանկ է եւ ճկուն, առաջվա պես զգում է ժողովրդական զանգվածներից եկող ազդակները։ Փաշինյանը նաեւ օժտված է կամային լուրջ հատկություններով, եւ նրա կամքն առ իշխանություն խտրություն չի դնում եղկելի արարքների միջեւ։ Նա կաշկանդված չէ բարոյական իմպերատիվներով եւ գաղափարական համոզմունքներով։ Դրանց իսպառ բացակայությունը նրան դարձնում են էլ ավելի անխոցելի, քանի որ լպրծուն պրագմատիզմն ու բարոյական արգելքների չգոյությունը նրան հնարավորություն են տալիս խաղարկելու ցանկացած խաղընթաց, ցանկացած դերով ու տեքստով։
Այս ամենին զուգընթաց Փաշինյանը յուրացրել է նաեւ իր նախորդների գործիքակազմերը։ Քոչարյանից վերցրել է բռնությունն ու հաշվեհարդարը, իսկ Սարգսյանից՝ բյուրոկրատիայի բոլոր օղակների մանրամասն ու ամբողջական վերահսկղությունը՝ խարսխված անվստահության եւ կասկածամտության հիմքի վրա։ Նա տեղյակ է ամենքից ու ամեն ինչից։ Կենսունակ է նաեւ հաճախորդների ինստիտուտը, որի լավագույն ավանդույթները նույնպես ժառանգվել են երրորդ նախագահից։
Որքան էլ խիստ բացասական վերաբերմունք ունենամ Փաշինյան գործչի նկատմամբ, ամեն դեպքում չեմ կարող չարձանագրել, որ նա political animal է եւ դեռեւս լուրջ մրցակից չունի ինչպես իր թիմի ներսում, այնպես էլ քաղաքական համակարգում։
Բնականաբար արձանագրումն այս այլեւայլ խոսակցությունների պատճառ է դառնալու, իբրեւ թե ես վաճառվել եմ իշխանություններին կամ էլ ֆինանսավորվում եմ այս կամ այն իշխանական օլիգարխի կողմից։ Չփորձելով արձագանքել համանման անհեթեթ խոսակցություններին՝ ընդամենը ուզում եմ արձանագրել, որ հանրային միջավայրում Նիկոլ Փաշինյանի դեմ զորեղ պայքարի տրամադրություններ են սաղմնավորվում։ Իսկ սաղմը մարդեղանալու եւ մարմնանալու, ոգեղենությամբ լիցքավորվելու ճանապարհ պետք է անցնի, ինչը անհնար է թվում ընդդիմության արդեն իսկ ծեծված ու արժեզրկված մեթոդներով։
Պետք է հասկանալ, որ այդ մարդը պատրաստ է հրդեհի մատնելու ամբողջ Հայաստանը եւ հավերժացնելու իր իշխանությունը, եւ հենց այս պատրաստակամությունն է նրան անպարտելի դարձնում։ Փնտրվում է մեկը, որը պատրաստ չէ կառավարելու մոխիրների վրա, եւ որն ի զորու է սանձելու եւ կառուցակազմիկ տեսք ու բովանդակություն տալու ժողովրդական հասունացող փոթորկին։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։