Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Profi առցանց մասնագետների որոնման ծառայության հետազոտական տվյալներով՝ 2022-ին ռուսներն օտար լեզուներ սովորելիս ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերում են եբրայերենի, վրացերենի, սերբերենի, չինարենի, թուրքերենի եւ հայերենի նկատմամբ։
Դա հաստատում են նաեւ լեզուների ուսուցման դպրոցների եւ դասընթացների ներկայացուցիչները: Այս լեզուների ուսուցման պահանջարկը գագաթնակետին է հասել մարտին եւ հոկտեմբերին։ Վերլուծաբանները, մասնավորապես, ընթացիկ տարվա մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածը համեմատել են նախորդ ձմռան երկու ամիսների՝ հունվարի եւ փետրվարի հետ։
Գարնանը զգալիորեն ավելացել է եբրայերեն (206%), վրացերեն (198%), սերբերեն (184%), չինարեն (109%), բուլղարերեն (70%), թուրքերեն (55%) եւ հայերեն (29%) սովորելու պահանջարկը: Բացի դրանից՝ առցանց ծառայությունը համեմատել է հոկտեմբերն այս տարվա օգոստոսի հետ, երբ ուսուցիչների ծառայությունների պահանջարկն ամենաշատն աճել է սերբերենի (221%), թուրքերենի (69%), եբրայերենի (68%), հայերենի (60%), վրացերենի (51%), բուլղարերենի (50%) եւ չինարենի (15%) նկատմամբ։
Language Life միջազգային առցանց լեզվի դպրոցի ղեկավար Յուլիա Ամլինսկայան նշել է, որ պահանջարկի գագաթնակետը նկատվել է Ուկրաինայում պատերազմի սկզբում, այսինքն՝ մարտին, ինչպես նաեւ մասնակի մոբիլիզացիայի հայտարարման ժամանակ։
Այս երկու իրադարձությունների ժամանակաշրջանը համեմատելիս պարզվել է, որ փետրվարի 24-ից, այսինքն՝ պատերազմի սկսվելուց հետո ստեղծված իրավիճակի համեմատ օտար լեզուներ սովորելու պահանջարկը զգալիորեն աճել է սեպտեմբերի 21-ից հետո՝ Ռուսաստանում մասնակի զորահավաքի ժամանակաշրջանում։