ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Լեհաստանում գտնվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ եւ նրան է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային փխրուն իրավիճակը: Մատնանշելով շարունակաբար իրականացվող Ադրբեջանի ագրեսիաները եւ ռազմատենչ հռետորաբանությունը` Արարատ Միրզոյանը շեշտել է, որ դրանք կոպտորեն խախտում են միջազգային հումանիտար իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար դրույթները։
ՀՀ արտգործնախարարն ընդգծել է խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամությունը՝ նշելով, որ տարածաշրջանում անվտանգության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումը եւ ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրները լուծելու ձգտումներն են:
Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։ Կողմերն անդրադարձել են ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության գործունեությանը:
Հանդիպման օրակարգում են եղել նաեւ ԵԱՀԿ շրջանակում Հայաստանի հետ համագործակցության ծրագրերը։