Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալպասը գնահատել է Ուկրաինայի ենթակառուցվածքների վերականգնման ծախսերը Ռուսաստանի հետ ռազմական առճակատման ավարտից հետո։ Նա կարծում է, որ այդ նպատակների համար կծախսվի 350 միլիարդ դոլարից ավելի գումար։
«Ենթադրում եմ, որ վերականգնման արժեքի նախնական գնահատումը՝ 350 միլիարդ դոլարը, կարող է զգալի ավելանալ»,- հայտարարել է բանկի ղեկավարը՝ ընդգծելով, որ ծախսերի հիմնական մասը կօգտագործվի երկրի էներգահամակարգի վերականգնման համար: Մալպասը հերքել է այն պնդումները, թե Ուկրաինայի դաշնակիցները հոգնել են Կիեւին անընդհատ միջոցներ հատկացնելուց՝ նշելով, որ օգնությունը շարունակվում է։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի վերականգնման համար ավելի քան մեկ տրիլիոն դոլար կպահանջվի։ Ամռանը Կիեւը հայտարարել էր, որ երկրի վերականգնման ծախսերը գնահատվում են 750 միլիարդ դոլար։
ՄԱԿ-ի ԳԱ-ն նոյեմբերի 14-ին բանաձեւ է ընդունել, նախատեսվում է պատերազմի պատճառած վնասի ռեեստրի ստեղծում: Ըստ այդմ կմշակվի մեխանիզմ, որը Ռուսաստանին կստիպի ռեպարացիա վճարել Ուկրաինային։ Բացի դրանից՝ Եվրահանձնաժողովը նախատեսում է իրավական մեխանիզմ ստեղծել Ուկրաինայի վերականգնման նպատակով ռուսական սառեցված ակտիվների բռնագանձման համար։ Տարբեր գնահատականներով Ռուսաստանի սառեցված ակտիվների ծավալը 300-600 միլիարդ դոլար է։