Երեւանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարության կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը տեսաուղերձ է հղել։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի ապահովմանը։
Դեսպանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ամենաբարձր մակարդակում՝ ի դեմս պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի, ներգրավված է եւ աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին։
Ռիքերը կրկնել է Միրզոյան-Բայրամով հանդիպման ժամանակ պետքարտուղար Բլինքենի դիտարկումը՝ «Միացյալ Նահանգները հանձնառու է անել ամեն ինչ՝ աջակցելու համար կայուն խաղաղության հաստատման ձեր ջանքերին»: Դեսպան Ռիքերը կարեւոր եւ արդյունավետ է որակել ՀՀ ղեկավարների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երեւանյան հանդիպումները։
Ֆիլիպ Ռիքերը շեշտել է, որ ԱՄՆ-ում խորապես հավատացած են, որ շարունակական ուղիղ երկխոսությունը (այսինքն՝ ոչ թե ռազմական գործողությունը, այլ դիվանագիտությունը) առանցքային է խնդիրների կարգավորման եւ համապարփակ տեւական խաղաղության եւ բարեկեցության հասնելու հարցում։