Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հիասթափություն եւ ափսոսանք է հայտնել, որ իր կազմակերպությունը մոտ երկու տարի չի կարողանում հսկողություն սահմանել Իրանի միջուկային ծրագրի կատարման նկատմամբ: «Դժբախտաբար, 2021-ի փետրվարի 23-ից Իրանը չի կատարում իր պատավորությունները, ուստի գրեթե երկու տարի ՄԱԳԱՏԷ-ն չի կարողացել ուրանի հարստացման աշխատանքների ստուգումներ եւ մշտադիտարկում անցկացնել»,- հավելել է նա:
Միլանի պոլիտեխնիկական համալսարանում Գրոսին հայտարարել է, որ Իրանը բավականաչափ նյութեր ունի մեկից ավելի միջուկային ռումբ արտադրելու համար: «Դա չի նշանակում, թե նրանք ռումբ են պատրաստում, բայց այդ հարցում լիակատար թափանցիկություն է անհրաժեշտ»,- շեշտել է Գրոսին: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նշել է, որ Իրանն ի հայտ եկած կասկածները ցրելու հնարավորություն ունի։
Դեկտեմբերի 2-ին La Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նշել է, որ «Իրանի հետ այժմ բարդ պահ է»: «Մենք այց էինք նախատեսել նոյեմբերի վերջին՝ այդ օբյեկտները ստուգելու համար, բայց Թեհրանն առաքելությունը դադարեցրեց: Իրադրությունը լճացման վիճակում է, Իրանը հայտարարել է հարստացված ուրանի արտադրությունը եռապատիկ ավելացնելու մասին»,- ասել է Գրոսին: