Կառավարությունը հոկտեմբերի 14-ին նոր որոշում է ընդունել. աղետի գոտու բնակավայրերը տնակներից վերջնականապես ազատում են: Մինչեւ 2027 թվականը պետք է ապամոնտաժեն պետական, համայնքային սեփականության տարածքներում տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինությունները, իսկ բնակիչներին՝ վերաբնակեցնեն։
1988 թվականի երկրաշարժին բնակարան կորցրած, բայց փոխհատուցում չստացած, բնակարան չկորցրած, բայց փոխհատուցման սպասող, ինչպես նաեւ փոխհատուցում ստացած, բայց էլի սպասող քաղաքացիների ոգեւորության վրա Լեւոն Բարսեղյանը սառը ջուր է լցնում. սա անօթեւանության հարցի լուծում չէ: Ծրագիրը հողազավթված տարածքների ազատում է ենթադրում:
Շիրակի մարզի քաղաքաշինության վարչության բնակարանային ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Քնարիկ Մանուկյանի տվյալները 2019 թվականի տնակների հաշվառման հիման վրա են. ոչ հիմնական կառույցներից 2900-ը Գյումրիում են, 690-ը՝ մարզի այլ բնակավայրերում: Թվերը ճշգրտման կարիք ունեն, որոշ կառույցներ բնակեցված չեն: Փաստագրված 3590 տնակներից ապամոնտաժվելու են միայն պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներում տեղակայվածները: Պատասխանատուները 2023 թվականին ճշգրտված թվեր են խոստանում: Պարզ կլինի նաեւ, թե դրանցից քանիսը կներգրավվեն բնակապահովման պետական ծրագրում:
Գյումրու համայնքապետարանի Անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Գեւորգ Գրիգորյանն ընթացակարգն է պարզեցնում. առաջնահերթ քանդվելու են այն տնակները, որոնք ունեն քանդման ակտ: Փոխհատուցում ստացած, բայց տնակից տարբեր պատճառներով չհրաժարված քաղաքացիներին քաղաքապետարանը ծանուցում է, որ 1-6 ամսվա ընթացքում քանդեն տնակները:
Լեւոն Բարսեղյանը 2018 թվականի Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերում ժամանակավոր կացարանների խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի ակտիվ անդամ է եղել: Խմբի կատարած աշխատանքներից գոհ է: Կարճ ժամանակում տնակների վերջնական թվային տվյալներն ու խնդրի լուծման հնարավոր ուղիները դրել են վարչապետի սեղանին: Պարզվել է՝ երեք մարզերում 7200 ոչ հիմնական շինություն կա:
Ըստ Բարսեղյանի՝ բնակարանի գնման վկայագրերի ծրագիրը չի արդարացնում. այն մեկնարկելուն պես տների գինը սրըթնաց աճում է, ինչի պատճառով անօթեւանն այդպիսին էլ մնում է. նախատեսված գումարով անհնարին է դառնում բնակարան գնելը: Հարցի լուծում կարող է լինել այն, որ պատկան մարմինն ինքը գտնի ու գնի բնակարանը:
Բարսեղյանը խնդրի լուծման մեկ այլ տարբերակ էլ է առաջարկում: «Սոցիալական բնակարանաշինություն է պետք իրականացնել, որը թանկ է, քան ԲԳՎ-ի ծրագիրը: Բայց այս դեպքում բնակարանային ֆոնդը կմեծանա: Մարդիկ մարդավայել կացարան կունենան: Անօթեւանը կգտնվի սոցիալական արժանապատիվ միջավայրում, բայց չի կարողանա վաճառել բնակարանը: Պետությունը պարտավորություն ունի տնակաբնակին ինտեգրելու հասարակություն, որ «երկրորդ սորտի» կարգավիճակից մտնի բնականոն կյանք»:
Գալով Կառավարության որոշած խնդրի լուծման վերջնաժամկետին, ըստ որի՝ 2027 թվականից էլ տնակներ չենք ունենալու, Բարսեղյանը կրկին լավատեսական տրամադրվածություն չունի: «Մեր երկրում բարդ է ժամկետների մասին լուրջ խոսելը: Ապահովագրված չենք, որ չորս տարում, ասենք, քովիդի նոր ալիք չի լինի, սահմանային բախումներ չեն լինի…»: Բարսեղյանը խնդրի լուծման մեջ մեծ կարեւորություն է տալիս մարզային ու համայնքային իշխանության աշխատանքին: Օրինակ է բերում. «2004 թվականին, երբ Քոչարյանը հայտարարեց, որ անօթեւանության հարցը լուծել ենք, ու այլեւս աղետի գոտի չունենք, ո՛չ համայնքապետարանի, ո՛չ մարզպետարանի ձայնը դուրս չեկավ: Տեղական պաշտոնյան նրա համար չէ, որ ղեկավարի հրահանգը կատարի ու սուս մնա: Պետք է խիստ հետեւեին, որ տնակների տեղաշարժ չլիներ, նոր գրանցվողներ չլինեին տնակների վրա: Հայկական հնարամտությունն անսպառ է, ստացել են սեփական տուն, չեն սեփականաշնորհել, որ տնակը չապամոնտաժվի: Բա տեղական ու մարզային իշխանությունը չգնա՞, ասի՝ տուն ես ստացել, տնակն ազատի՛ր»:
Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը համամիտ է Լեւոն Բարսեղյանի հետ: «34 տարի շարունակ բազմաթիվ նման վերջնաժամկետներ են հնչեցվել, որոնք չեն իրականացվել: Տեսածս հիմք է տալիս չհավատալու 2027-ին տնակներից ազատվելու նախաձեռնությանը»: Մարտիրոսյանը հարցնում է, թե 34 տարի ճշտելուց հետո, էլի ճշտելով ու ճշտելով ինչ հարց ենք լուծում: Ըստ նրա, չնայած յուրաքանչյուր տնակի ներսում մի առանձին մարդկային ճակատագիր կա, բայց միանշանակ ասել, որ անարդար է մարդկանց հանել տնակներից, դա էլ ճիշտ չէ:
Որ տունը ստացել, վաճառել են, տնակն էլ չեն ապամոնտաժել, միայն քաղաքացու մեղքը չէ: Ըստ Մարտիրոսյանի՝ խնդրի խորացման գործում մեղքի առյուծի բաժինը փնթի, վատ, երբեմն էլ հանցավոր պետական եւ համայնքային կառավարումն է:
Որ Կառավարության որոշումը, թե աղետից շուրջ 40 տարի անց տնակներ չեն լինելու, դեռ մարդկանց ուրախացնում է, տխրելու առիթ է: Բայց որ անգամ այդ որոշումն է կասկածի տակ, դա արդեն ողբերգություն է:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։