ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտնել է, որ Միացյալ Նահանգները մեծապես ներգրավված է եղել Հայաստանին եւ Ադրբեջանին օգնելու՝ Հարավային Կովկասում խաղաղ ապագա ստեղծելու հարցում:
Փրայսը չի մեկնաբանել՝ արդյոք նախօրեին Սպիտակ տանն անցկացված հանդիպմանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացին: Խոսնակը նշել է, որ ԱՄՆ-ը երկու եռակողմ հանդիպում է անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, իսկ պետքարտուղար Բլինքենը նաեւ հեռախոսային կապի մեջ է կողմերի հետ։
Փրայսը հիշեցրել է, որ վերջին հանդիպման ժամանակ Միրզոյանն ու Բայրամովը պայմանավորվել են արագացնել բանակցությունները՝ առաջիկա շաբաթների ընթացքում եւս մեկ հանդիպում կազմակերպելու համար։ Արտգործնախարարներն իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին՝ այդ նախարարական հանդիպումը հյուրընկալելու համար։
«Անշուշտ, հուսով ենք, որ երկու երկրների միջեւ երկխոսությունը եւ կառուցողական մթնոլորտը կշարունակվեն, քանի որ մենք կշարունակենք աջակցել դիվանագիտությանը, որը տանում է դեպի կայուն խաղաղություն եւ երկու երկրների միջեւ խնդիրների լուծում»,- շեշտել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը: