Ըստ Demoscope-ի՝ ռուս-ուկրաինական հակամարտությունում ղազախստանցիների 22 %-ն անվերապահորեն աջակցում է Ուկրաինային։ 2022-ի մարտին առաջին անգամ անցկացված սոցհարցման տվյալների համեմատ այժմ նվազել է Ռուսաստանին աջակցողների թիվը՝ 39 %-ից հասնելով 13 %-ի։ Ղազախստանցիների 59 %-ը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի նկատմամբ ունի չեզոք դիրքորոշում։
Ուկրաինային աջակցում են հիմնականում երիտասարդները՝ 18-29 տարիքային խումբը։ Այս տարիքային խմբի 23 %-ն աջակցում է Ուկրաինային, 6 %-ը՝ Ռուսաստանին։ Ռուսաստանին աջակցում են հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնք 60+ տարիքային խմբում են։ Այստեղ ռուսներին աջակցում է 34 %-ը, ուկրաինացիներին՝ 14 %-ը։
Ղազախստանցիների 22 %-ը կարծում է, որ Ռուսաստանն է հրահրել պատերազմը՝ Ուկրաինան նվաճելու համար։ 45 %-ը դժվարանում է պատասխանել, թե ով է հրահրել ռուս-ուկրաինական պատերազմը եւ ինչ նպատակով։
Հարցվածների 33 %-ը համակարծիք է Կրեմլի պաշտոնական տեսակետի հետ, որը ռուսական մեդիա-քարոզչության առանցքն է։ Ընդ որում, 15 %-ը համոզված է, որ ռուսները պայքարում են ուկրաինացի նացիստների դեմ, 18 %-ի կարծիքով Ռուսաստանը Ուկրաինայի տարածքում պայքարում է Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի դեմ։
Ղազախստանցիների 37 %-ը ռուս-ուկրաինական պատերազմի մասին նորություններն իմանում է յութուբյան ալիքներից, 20 %-ը՝ ղազախական հեռուստատեսությունից, 18 %-ը՝ ռուսական հեռուստակայաններից։ Հեռուստատեսություն նախընտրում են ավագ սերնդի ներկայացուցիչները (60+ տարիքային խմբում գտնվողները)։
Ծանոթներից, բարեկամներից կամ ընկերներից ռուս-ուկրաինական պատերազմի մասին նորություններն իմանում է հարցվածների 15 %-ը, տելեգրամյան ալիքներից եւ «Ֆեյսբուք» սոցիալական կայքից՝ համապատասխանաբար՝ հարցվածների 13 եւ 8 %-ը։
Ղազախստանցիների 42 %-ը կարծում է, որ Ղազախստանն այդ պատերազմում պետք է հանդես գա որպես խաղաղարար միջնորդ։
Պատրաստեց Արման Գրիգորյանը