Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի եւ Արցախի միջեւ ցամաքային կապի ընդհատման եւ խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար»,- ասված է հաղորդագրությունում:
Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
Թարմացում․
Արցախի առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել` ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը լրջագույնս ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքները եւ Արցախում հումանիտար աղետ ստեղծելու նպատակ ունի։
Նախարարությունը շեշտել է, որ ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների եւ դեղամիջոցների տեղափոխումը Արցախ: Ավելին` լուրջ խնդիր է դարձել առողջություն ծանր խնդիրներ ունեցող հիվանդների Արցախից ՀՀ տեղափոխումը:
Արցախի ԱՆ-ն միջազգային հանրությանը, մարդասիրական բոլոր կազմակերպություններին հորդորել է անհապաղ պատշաճ քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակը կարգավորելու եւ վերահաս հումանիտար աղետը կանխելու համար։