Ըստ բրիտանական «Reuters» գործակալության՝ Շենժենը հայտարարել է, որ այլեւս չի պահանջի թեստի արդյունք՝ որոշ վայրեր մուտքի, ուղեւորությունների համար, իսկ Պեկինում հանվել են թեստավորման խցիկները:
Թեեւ օրական գրանցվող դեպքերը մոտ են երբեւէ գրանցված ամենաբարձր ցուցանիշին, սակայն որոշ քաղաքներ քայլեր են ձեռնարկում՝ թուլացնելու կորոնավիրուսի թեստավորման պահանջն ու կարանտինային կանոնները, քանի որ տնտեսության կտրուկ դանդաղման եւ հանրային հիասթափության պայմաններում Չինաստանը ձգտում է իր կորոնավիրուսի զրո դեպք ունենալու քաղաքականությունը դարձնելու ավելի նպատակային:
Հարավային Շենժեն քաղաքը հայտարարել է, որ հասարակական տրանսպորտից օգտվելու կամ այգիներ մտնելու համար քաղաքացիներից այլեւս չի պահանջի թեստի բացասական արդյունք:
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում փակվել են բազմաթիվ թեստավորման խցիկներ, քանի որ քաղաքում այլեւս չի պահանջվում թեստի բացասական արդյունք՝ մուտք գործելու որոշակի վայրեր, օրինակ՝ սուպերմարկետ: Երկու օրից թեստի բացասական արդյունք չի պահանջվի նաեւ մետրոյից օգտվելու համար: