Արցախի ներքին գործերի նախարարությունն ամփոփել է նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածը: Շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված սադրանքի երկու դեպք է գրանցվել Շուշիի եւ Մարտակերտի շրջաններում:
Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ընդհատվել է Հայաստանի եւ Արցախի միջեւ ցամաքային կապը: Ավելի քան երեք ժամ տեւած բանակցություններից հետո ճանապարհը բացվել է:
Դեկտեմբերի 4-ին ադրբեջանցիները սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում՝ հանգեցնելով քաշքշուկի: Շարասյունը տեխնիկական նպատակներով կանգնել է Գետավանի տարածքում, որտեղ քաղաքացիական հագուստով չորս ադրբեջանցիներ իջել են մարդատար ավտոմեքենայից եւ ակնհայտ սանձարձակ ու սադրիչ վարք դրսեւորել տեղի երիտասարդների նկատմամբ, եւ քաշքշուկ է սկսվել։
Միջադեպի մասնակիցները ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ։ Արցախի ոստիկանությունը հանգամանքները պարզել ու փաստերը ներկայացրել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: