ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմամբ։
Ըստ նրա՝ Մոսկվայում բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերին, 2021-ի հունվարին եւ նոյեմբերին, ինչպես նաեւ 2022-ի հոկտեմբերի վերջին Սոչիում տեղի ունեցած գագաթնաժողովում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
«Շահագրգռված ենք ամեն կերպ նպաստելու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը եւ ընդհանուր առմամբ վստահության միջոցների ամրապնդմանը, դրանց թվում՝ հասարակական կառույցների, քաղաքագետների, խորհրդարանականների միջեւ շփումների զարգացման գծով»,- ընդգծել է Լավրովը: