ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտնել է, որ հեղուկ նիկոտին պարունակող ծխախոտային միջոցները մնացած ծխախոտային արտադրանքների պես 2023-ից Հայաստանում կսկսեն հարկվել ակցիզային հարկով։
«Այս արտադրատեսակը փոխարինում է ավանդական ծխախոտային արտադրատեակին եւ շուկայում արդեն բավական մեծ մասնաբաժին ունի, եւ ինչպես ծխախոտային այլ արտադրանքները, ենթադրում է վնասակար սպառում»,– ասաց Պողոսյանը։
Քանի որ հայաստանյան շուկայում ակցիզային հարկի կիրառումից առաջ արդեն ներմուծվել է որոշակի խմբաքանակ, Կառավարությունն առաջարկել է արտոնյալ ժամկետ սահմանել արդեն ներկրված ապրանքն առանց ակցիզի իրացնելու համար։ Արտադրողների եւ ներմուծողների համար օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2023-ի մարտի 1-ից, իսկ վերավաճառողների համար` ապրիլի 1-ից։
Ակցիզային հարկը նիկոտինի 1 մլ-ի դիմաց կլինի 55 դրամ։
Օրենքի փոփոխության նախագիծն ԱԺ-ում արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Երկրորդ ընթերցմամբ նախագիծը որոշակի փոփոխություններով խորհրդարանում կքննարկվի մինչեւ տարեվերջ։