Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի մասին օրերս նոր վավերագրական կինոնկար է նկարահանվել։ Ռեժիսոր Եվա Վեբերի «Մերկել՝ ազատության ուժը» ֆիլմում Անգելա Մերկելը ներկայացվում է որպես տաղանդավոր քաղաքական եւ պետական գործիչ, որը մարտահրավեր է նետում պոպուլիստներին եւ ավտոկրատներին, զսպում շովինիստական հայացքներ ունեցող քաղաքական առաջնորդներին եւ դիմադրում ճգնաժամերին։
Ռեժիսորը ռեալիստորեն ներկայացրել է Գերմանիան 16 տարի ղեկավարած կին պետական գործչին՝ օգտվելով հիմնականում արխիվային նյութերից եւ հարցազրույցներից։ Կինոնկարում բարձրաստիճան գերմանացի եւ օտարերկրացի քաղաքական բազմաթիվ գործիչների խոսքից դիտողը բավականին հստակ պատկերացում է կազմում, թե ինչ արժեքներով է ղեկավարել Մերկելը։ Նրա բոլոր գործողությունները հիմնված են եղել պատվի եւ արժանապատվության մասին ունեցած սեփական վարքականոնի վրա։ Եվ հանուն այդ վարքականոնի նա հարկ եղած դեպքում նաեւ հակառակվել է իր կուսակցությանը։
Ռեժիսորը ուշագրավ է համարել, որ երբ Մերկելին դրական են ընկալել Գերմանիայում, բացասական են ընկալել միջազգային հարթակներում եւ հակառակը։ Նշենք, որ կինոնկարում մանրակրկիտորեն ներկայացված է Գերմանիայի նախկին ղեկավարի քաղաքական կարիերան։
Երկար տարիներ Անգլիայում բնակվող Եվա Վեբերին կինոնկարը նկարահանելու համար ներշնչել է մեկ այլ քաղաքական գործիչ՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Վեբերը Անգելա Մերկելի ղեկավարման մեթոդը բնութագրել է որպես «բողոքական ոճ»։ Նա պրագմատիկ է, հենվում է միմիայն փաստերի վրա։ Ռեժիսորի ուշադրության կենտրոնում Մերկելի կենսագրությունն է, ոչ թե նրա վարած ներքին եւ արտաքին քաղաքականության վերլուծությունը կամ անդրադարձը դրանց հետեւանքներին։
Պատրաստեց Արման Գրիգորյանը