Մոսկվայում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստում գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ անհրաժեշտ է ստորագրել Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը։ Ըստ նրա՝ նախագիծը ներառում է լրացուցիչ քաղաքական եւ դիվանագիտական աշխատանք՝ ապահովելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
«Դա դիտորդական առաքելության երկարաձգումն է եւս երկու ամսով, որն իր աշխատանքային խմբերը կտեղակայի սահմանի երկայնքով՝ դժվար հատվածներում, ինչն էլ հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում ձեռնարկելու օպերատիվ միջոցներ, դրանց թվում՝ ռազմատեխնիկական օգնության տրամադրում»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Զասը հիշեցրել է, որ պետությունների ղեկավարների հանձնարարությամբ Հայաստանում մշակվել է դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի եւ ՀԱՊԿ օպերատիվ շտաբի ղեկավարի գլխավորությամբ։ Պատրաստվել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին, որը քննարկվել է խորհրդի՝ նոյեմբերի 23-ի նիստում։
«ՀԱՊԿ երկրների տարբեր դիրքորոշումների պատճառով հնարավոր չեղավ ընդունել այս նախագիծը։ Հուսով եմ՝ որոշակի վերանայումից հետո կհասնենք դրա ստորագրմանը եւ այդ միջոցների ընդունմանը։ Վստահ եմ, որ դա անհրաժեշտ է, ներառյալ Հայաստանի համար»,- ասել է գլխավոր քարտուղարը։