Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը կստորագրվի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա:
Լավրովը հայտնել է, որ խաղաղության պայմանագրի ռուսական նախագիծը կողմերին է փոխանցվել դեռ տարվա սկզբին, որն ընդհանուր առմամբ դրական արձագանք է ստացել: Նա նշել է, որ ռուսական նախագծի առնչությամբ ադրբեջանական եւ հայկական կողմերն իրենց առաջարկներն են ներկայացրել: Աշնանը Վաշինգտոնում երկու երկրների արտգործնախարարների հանդիպմանը ադրբեջանական կողմը ներկայացրել է փաստաթղթի հերթական տարբերակը, այնուհետեւ Հայաստանի ներկայացուցիչներն էլ ներկայացրել են իրենց տեսակետը:
Լավրովը շեշտել է, թե ՌԴ-ն նախկինի պես պատրաստ է աջակցելու, սակայն շատ կարեւոր է կողմնորոշվել հիմնական սկզբունքային հարցերի շուրջ:
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ կարեւոր նշանակություն ունի այն, ինչ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ համաձայնեցվել է Պրահայում հոկտեմբերի 6-ին, քանի որ նրանք հաստատել են իրենց նպատակաուղղվածությունը՝ բոլոր խնդիրները լուծել ՄԱԿ-ի կանոնադրության եւ Ալմա Աթայի 1991 թվականի դեկտեմբերի հռչակագրի հիման վրա։