Երեւանում տեղի ունեցած՝ Գերիատրիայի եւ գերոնտոլոգիայի չորրորդ՝ «Տարիքը խոչընդոտ չէ» խորագրով միջազգային կոնգրեսի ընթացքում նյարդաբան Զարուհի Թավադյանն անդրադարձավ Պարկինսոնի հիվանդության ախտորոշման խնդիրներին, ապա ներկայացրեց այն ախտանշանները, որոնք ի հայտ են գալիս այս հիվանդությունն ունեցողների շրջանում։ Մասնագետը կարեւորեց նաեւ Պարկինսոնի հիվանդություն ունեցողների ընտանիքի անդամների գործոնը, որոնք կարող են ախտանշաններ նկատելու դեպքում անմիջապես նրանց ուղեկցել մասնագետի մոտ։
Պարկինսոնի հիվանդության արմատական բուժում դեռեւս չի հայտնաբերվել, սակայն հնարավոր է դանդաղեցնել բուժման միջոցով, բարելավել պացիենտի կյանքի որակը։ Եթե Պարկինսոնի հիվանդություն ունեցողը չի դիմում բժշկի, ապա ի վերջո գամվում է մահճակալին։
Նյարդային համակարգի առավել տարածված հիվանդություններից է, որով առավել հաճախ հիվանդանում են տարեց տղամարդիկ։ Սկզբնական փուլում ի հայտ եկող առաջին ախտանշանը 70 տոկոս դեպքերում դողն է։ Հիվանդության սկզբնական շրջանում ի հայտ են գալիս նաեւ կարկամություն, դանդաղկոտություն, քայլելու դժվարություն։ Ոչ շարժողական ախտանշաններից են նյարդահոգեկան ախտանշանները, կենտրոնացման դժվարությունները, պասիվությունը, դեպրեսիան, դեմենցիան (թուլամտություն), հալյուցինացիաները, քնի խանգարումը, միզապարկի դիսֆունկցիան:
Պարկինսոնի հիվանդության ի հայտ գալուց 20 տարի անց դեմենցիայի առաջացման հավանականությունը 83 տոկոս է, հալյուցինոզինը՝ 74 տոկոս, փորկապությանը՝ 40 տոկոս, անմիզապահությանը՝ 71 տոկոս։
Հիվանդությունը սկզբնական փուլում երբեմն դժվար է ախտորոշվում, քանի որ ախտանշանները նման են այլ հիվանդությունների ախտանշաններին։
«Պարկինսոնի հիվանդություն ունեցողների շրջանում հաճախ նկատվում է նաեւ այսպես կոչված «սառչելու ֆենոմենը», այսինքն՝ մարդը կարող է մի քանի վայրկյանով զրկվել շարժողականությունից։ Օրինակ՝ ավտոմատ բացվող դռներից ու վերելակներից օգտվողների համար սա շատ վտանգավոր կարող է լինել, ուստի Պարկինսոնի հիվանդություն ունեցողների ընտանիքի անդամները պետք է հետեւեն, որ հիվանդություն ունեցողը հատկապես տնից դուրս գալիս ձեռնափայտ ունենա»,- ասաց նյարդաբանը։
«Ալիք Մեդիայի» թղթակցի հարցին, թե որն է այս հիվանդության սկսվելու միջին տարիքը, նյարդաբանը պատասխանեց․ «55 տարեկանն է։ Երբեմն նաեւ 20 տարեկանում է ի հայտ գալիս։ Մինչեւ 30 տարեկանը հիվանդացողների շրջանում ժառանգականությամբ փոխանցվելու գործոնը 40 տոկոս է։ Իսկ ընդհանուր առմամբ հիվանդության՝ ժառանգականորեն փոխանցվելու հավանականությունը 5-10 տոկոս է»։
Հիվանդության տարածվածությունն աշխարհում 0,3 տոկոս է, բայց տարիքին զուգընթաց մեծանում է: Օրինակ՝ 80 տարեկանից հետո հիվանդանալու հավանականությունն արդեն 3 տոկոս է։ Այս հիվանդությունն ավելի հազվադեպ է հանդիպում աֆրիկացիների ու ասիացիների շրջանում, ավելի հաճախ՝ Իսրայելում, Ալյասկայում՝ ինուիտների շրջանում, եւ բնիկ ամերիկացիների շրջանում։
Ծխող, սուրճ կամ կոֆեին օգտագործողներն ավելի հազվադեպ են Պարկինսոնի հիվանդություն ունենում։ Թե որն է պատճառը, մասնագետները դեռ չեն հայտնաբերել։
Նյարդաբանը նշեց՝ հաճախ պացիենտները երբ իմանում են, որ Պարկինսոնի հիվանդություն ունեն, չեն ուզում բուժվել՝ պատճառաբանելով, թե մեկ է, այս հիվանդությունն արմատապես չի բուժվում, բայց սա, իհարկե, սխալ մոտեցում է։ Բուժում ստացող պացիենտների կյանքի որակն ավելի բարձր է, կյանքի տեւողությունը՝ երկար։
«Կարեւոր է բժշկի դիմել հիվանդության վաղ փուլում, քանի որ կան որոշակի խնդիրներ, որոնք դեղորայքով հնարավոր չէ հսկել, ուստի հատուկ հարմարանքներ օգտագործելու կամ վիրահատական միջամտություն անելու անհրաժեշտություն է առաջանում։ Այնպես որ, Պարկինսոնի հիվանդության ախտանշանները նկատելուց հետո անպայման պետք է հնարավորիս շուտ բժշկի դիմել»,- եզրափակեց նյարդաբան Զարուհի Թավադյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։