ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը The Wall Street Journal պարբերականի համաժողովում համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայի իրադրությունը ամենայն հավանականությամբ կկարգավորվի Մոսկվայի եւ Կիեւի միջեւ խաղաղ բանակցությունների եւ դիվանագիտության միջոցով։
Ըստ Բլինքենի՝ Միացյալ Նահանգները տարածաշրջանում ոչ թե «կեղծ զինադադարի», այլ երկարաժամկետ խաղաղության կողմնակից է։ Պետքարտուղարը հավելել է, որ քննարկվում է Ուկրաինայի հարցով միջազգային տրիբունալի ստեղծման հարցը: Բլինքենը կարեւորել է տեղի ունեցածի համար պատասխանատվության, ինչպես նաեւ տեղեկություններ հավաքելու հարցը: Ըստ նրա՝ Ուկրաինան անհրաժեշտության դեպքում պետք է ի վիճակի լինի պատասխանատվության ենթարկելու պատերազմի պատասխանատուներին:
«Մենք նաեւ աջակցում ենք միջազգային քրեական դատարանի ջանքերին՝ ապացույցներ եւ տեղեկություններ հավաքելու համար: Քննարկումներ են ընթանում ինչ-որ անկախ դատարանի, տրիբունալի հիմնադրման մասին։ Այս հարցը սեղանին է»,- շեշտել է Բլինքենը:
Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ վրդովմունք էր հայտնել արեւմտյան երկրներում Ուկրաինայի իրադարձությունները հետաքննելու համար տրիբունալ ստեղծելու ծրագրերի առիթով՝ նշելով, որ նման քաղաքականությունը երկակի ստանդարտների կիրառման օրինակ է: