Ամերիկյան The Washington Post պարբերականն անդրադարձել է Աֆղանստանում պատերազմի ժամանակ Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգների համագործակցությանը:
Ըստ պարբերականի՝ Բաքվում ԱՄՆ դեսպանության՝ 2009-ին գաղտնի դիվանագիտական հեռագրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բնութագրվել է որպես Մայքլ եւ Սոնի Կոռլեոնեի «խառնուրդ»: Ըստ տեղակագրի՝ Ալիեւի նպատակն այնպիսի քաղաքական միջավայրի ստեղծումն է, որտեղ նրա դինաստիան հարցականի տակ չի դրվում: «Ավելի ուշ Ալիեւն իր կնոջը՝ Մեհրիբան Ալիեւային, նշանակեց փոխնախագահ։ Երկուսն էլ մնում են իրենց պաշտոններում,- նշել է պարբերականը եւ շարունակել:- Մի կողմ թողնելով Ադրբեջանում նման կոռուպցիայի մշակույթին առնչվող մտավախությունները՝ Պենտագոնի պաշտոնյաներն Ալիեւին համոզել են Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերի մատակարարման կարեւորագույն ուղիների համար բացել երկրի սահմաններն ու օդային տարածքը»։
Նշվում է, որ փոխարենն ամերիկացի պաշտոնյաները խոստացել են ավելի սերտ դիվանագիտական գործընկերություն Ալիեւի հետ։ Միաժամանակ Ադրբեջանի կառավարության վերահսկողության տակ գտնվող Silk Way Airlines բեռնափոխադրողին 369 միլիոն դոլար արժողությամբ պաշտպանական պայմանագրեր են փոխանցվել:
Հոդվածում նշվում է Ադրբեջանի հետ գործարքի պատասխանատու երկու գեներալի անուն՝ Դունկան ՄըքՆաբ եւ Ուիլիամ Ֆեյզեր Երրորդ: Ըստ հոդվածագրի՝ ՄըքՆաբը 2011-ին զինվորական ծառայությունից թոշակի անցնելուց հետո աշխատանքի է ընդունվել Silk Way Airlines ավիաընկերությունում եւ ստացել ամսական 10 հազար դոլար: Իսկ ավիաընկերությանը խորհրդատվություն մատուցելու համար նա երեք ամիսը մեկ այցելել է Բաքու:
2014-ին թոշակի անցնելով՝ Ֆեյզերը նույնպես պայմանագիր է կնքել միեւնույն ավիաընկերության հետ՝ խորհրդատվական ծառայությունների դիմաց օրական 5000 դոլար վճարվելով: Ըստ ԱՄՆ կանոնակարգի՝ պաշտոնաթող զինվորականները պետք է ստանան այլ երկրներում աշխատանքի դաշնային թույլտվություն, եթե հրավիրող ընկերությունը մասամբ կամ ամբողջությամբ պատկանում է որեւէ երկրի կառավարությանը:
Մինչդեռ ՄըքՆաբը նման թույլտվության համար չի դիմել՝ հիմնավորելով, որ ադրբեջանական ընկերությունը չի պատկանում կառավարությանը: Սակայն Ֆեյզերն աշխատանքի անցնելուց առաջ ստացել է դաշնային թույլտվություն: Պատասխանելով հարցին՝ արդյոք տեղյա՞կ է, որ Silk Way Airlines ընկերության բաժնետերերի մեջ շոշափվում է նաեւ Իլհամ Ալիեւի դուստրերից մեկի անունը, պաշտոնաթող գեներալը պատասխանել է, որ դա պարզապես լրատվամիջոցների հերթական վարկածն է: