ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն անդրադառնալով նույնականացման քարտերի տրամադրմանն առնչվող խնդիրներին, հայտնել է, որ այս պահին բոլոր այն անձանց, որոնք իրենց ամենօրյա աշխատանքում նույնականացման քարտեր օգտագործելու կարիք ունեն, անխտիր տրամադրում են այդ քարտերը:
«Դրանց տրամադրումը կիրականացվի մինչեւ 2023-ի փետրվարի 15-ը, դրանից հետո արդեն կտրամադրվեն նույնականացման քարտերը նույն ձեւով, սակայն առանց էլեկտրոնային կրիչի»,-նշել է նա:
Անդրադառնալով Անձնագրերի եւ վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներում առաջացած հերթերին, փոխոստիկանապետը վստահեցրել է, որ տրամադրվող փաստաթղթերի ծավալներն էականորեն աճել են: Ըստ Ֆիդանյանի՝ 2021-ին ՀՀ-ում տրամադրվել է 70 հազար 273 նույնականացման քարտ, մինչդեռ 2022-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 155 հազար 766:
Փոխոստիկանապետը նշել է նաեւ, որ մինչեւ 2024-ը Հայաստանում կենսաչափական անձնագրերի տրամադրումը կդադարեցվի, քանի որ ոստիկանությունը մտադիր է ավելի կատարելագրոծված կենսաչափական անձնագրեր եւ ID քարտեր տալ։ Մինչ այդ նախատեսվում է առանց կենսաչափական տվյալների հին անձնագրերը թողնել ուժի մեջ։ Ավելի վաղ դրանց տրամադրումը նախատեսվում էր դադարեցնել 2023-ից։