ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ Երեւանն ու Բաքուն սկսում են բանակցային գործընթացի երրորդ փուլը. Հայաստանն Ադրբեջանից առաջարկներ է ստացել խաղաղության պայմանագրի վերաբերյալ, որոնք ըստ էության հայկական կողմի առաջարկների պատասխանն են։
ԱԺ-ում ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների ասուլիսի ժամանակ Աղաջանյանը նշել է, թե քանի որ մանրամասները եւ քննարկումները հրապարակման ենթակա չեն, չի կարող հրապարակայնացնել դրանք։ Պատգամավորը չի բացառել, որ մինչեւ տարեվերջ հնարավոր է Փաշինյան-Ալիեւ կամ երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպում։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Աղաջանյանը շեշտել է, թե Ադրբեջանում չեն հայտարարել, որ հայկական կողմից երկրորդ անգամ արված առաջարկները խաղաղության պայմանագրի մասին, ընդունելի չեն։ «Առաջարկը, որը ստացել ենք, հնարավոր փաստաթղթի մշակման գործնական ընթացք է։ Այսինքն` ի սկզբանե ադրբեջանական կողմից առաջարկներ էինք ստացել, ինչին ի պատասխան նույն առաջարկների շուրջ մեր լրացված տարբերակն ենք ուղարկել` մեր առաջարկները։ Վերջին շրջանում որեւէ նման հայտարարություն, որ չեն ընդունում մեր առաջարկները, չի եղել»,- ընդգծել է նա՝ հիշեցնելով, որ խոսքը նույն փաստաթղթային հիմքի շուրջ աշխատանքների մասին է։
Վարչապետ Փաշինյանը նոյեմբերի 16-ին հայտնել էր, որ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում խաղաղության պայմանագրին վերաբերող տեքստ է փոխանցվել ադրբեջանական կողմին, սպասում են Ադրբեջանի արձագանքին։