Իրանցիներն ու միջազգային հանրությունը փորձում են հասկանալ, թե ինչպես մեկնաբանել Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի հայտարարությունն առ այն, որ լուծարվում է այդ երկրում գործող «բարոյականության ոստիկանությունը», որը հետեւում էր կանանց հագուստի «համեստությանն» ու հիջաբ կրելուն։ Իրանական որոշ պետական լրատվամիջոցներ հայտնում են, որ Մոնթազերիի խոսքերը սխալ են հասկացվել, եւ իսլամական խիստ դրես-կոդի դեմ պայքարող իրանցիները մտադիր չեն դադարեցնել բողոքի գործողությունները։
Հիշեցնենք, որ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին կրոնական կոնֆերանսի ժամանակ հայտարարեց բառացիորեն հետեւյալը․ «Բարոյականության ոստիկանությունը որեւէ աղերս չունի դատական իշխանության հետ եւ լուծարվել է այնտեղ, որտեղ ստեղծվել էր»։ Միաժամանակ ընդգծեց, որ «դատական իշխանությունները շրջանային մակարդակում շարունակելու են հետեւել մարդկանց պահվածքին»։
Իրանի բարոյականության ոստիկանությունն ազգային ոստիկանության բաղադրիչն է եւ ենթարկվում է այդ երկրի ներքին գործերի նախարարությանը եւ ոչ թե դատական իշխանությանը։ Սակայն օրեր առաջ Մոնթազերին նաեւ ասել էր, որ «ե՛ւ խորհրդարանը, ե՛ւ դատական իշխանություններն աշխատում են այն ուղղությամբ, որ կանանց՝ գլուխը ծածկելու պարտադիր օրենքը փոխվի»։
Եվ ուրեմն ի՞նչ կարող է այս ամենը նշանակել։ Իրանցի լրագրողներն ու քաղաքագետները կարծում են, որ եթե իշխանություններն իրոք կայացրած լինեին բարոյականության ոստիկանության լուծարման մասին որոշում, այդ մասին կհայտարարեին պաշտոնապես՝ առնվազն կառավարության ներկայացուցիչների ասուլիսի ձեւաչափով, որպեսզի ամբողջ երկրի բնակչությունն այդ մասին իմանար։ Սակայն նման բան տեղի չի ունեցել։
Ավելին, երբ BBC, CNN եւ այլ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ Մոնթազերիի հայտարարությունը հրապարակել են, իրանական որոշ լրատվամիջոցներ հայտարարել են, որ փորձ է արվում գլխավոր դատախազի խոսքերը խեղաթյուրելու, կամ դրանք սխալ են հասկացվել։
Ըստ BBC-ի՝ արաբալեզու պետական «Ալ-Ալամ» հեռուստատեսությունը հայտարարել է, որ «գլխավոր դատախազի խոսքերը փորձում են սխալ ներկայացնել» եւ առավելագույնը, որ կարելի է հասկանալ Մոնթազերիի խոսքերից, այն է, որ «բարոյականության ոստիկանությունը դատական իշխանության հետ կապ չունի»։ Student News Network (SNN) պահպանողական պարբերականն էլ առհասարակ հայտարարել է, որ բարոյականության ոստիկանության լուծարման մասին լուրերը «կեղծ գլխագրեր» են ընդամենը, եւ ընդգծել է, որ Իրանում հիջաբի կրումը շարունակում է մնալ օրենք։ «Շարկ» թերթը, որ հայտնի է Իրանում որպես ռեֆորմիստական պարբերական, հայտնել է, որ Թեհրանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնում խուսափել են պատասխանելուց այն հարցին, թե արդյոք բարոյականության ոստիկանությունը լուծարվել է։
BBC-ի այս հարցին ի պատասխան այդ երկրի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը, որ այցով Սերբիայում է, հայտարարել է, որ Իրանում ամեն բան լավ է, եւ բոլոր գործընթացներն ընթանում են դեմոկրատիայի եւ ազատության սահմաններում։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին էլ շաբաթ օրը հեռուստատեսային իր ելույթում հայտարարել էր, որ Իրանի հանրապետական եւ իսլամական հիմունքներն ամրագրված են սահմանադրության մեջ, «սակայն գոյություն ունեն ճկուն մեթոդներ սահմանադրության կյանքի կոչման համար»։ Սա այն դեպքում, երբ ավելի վաղ իրանական իշխանությունները բազմիցս էին հայտարարել, որ հիջաբ կրելու օրենքը վերանայման ենթակա չէ։
BBC-ն նաեւ փոխանցում է, որ իրանական իշխանությունները լրջորեն քննարկում են երկրում ամիսներ շարունակվող բողոքի գործողությունները, որոնց ընթացքում զոհվել է 450 մարդ, այդ թվում՝ 60 երեխա, իսկ 18 հազար մարդ էլ ձերբակալվել է։
Պատրաստեց Արման Գրիգորյանը