Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը քննադատել է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի հատուկ տրիբունալ ստեղծելու Եվրամիության առաջարկը։
«Մեզ պետք է ոչ թե մասնատել ուժերը, այլ համախմբել»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հայտարարել է դատարանի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ իր դատարանն արդեն իսկ քննում է Ուկրաինայի դեմ ռուսական հարձակումը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, սակայն, անցած շաբաթ հայտարարել էր, թե այդ քննությունը կարող է արդյունավետ չլինել, քանի որ Ռուսաստանը չի վավերացրել Հաագայի դատարանի հիմքում ընկած միջազգային պայմանագիրը։
Հաագայի դատարանի դատախազը հակադարձել է՝ Եվրահանձնաժողովի ղեկավարը սխալ է մեկնաբանում օրենքը։ «Ես մտադիր եմ այս հարցը Ֆոն դեր Լայենի հետ առանձին քննարկել»,- հայտարարել է Քարիմ Խանը։
Ավելի վաղ գաղափարի վերաբերյալ իր դրական դիրքորոշումն էր արտահատել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն էլ միջազգային տրիբունալի ստեղծման մտահղացումը երկակի ստանդարտների կիրառման քաղաքականության շարքին էր դասել։