Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքի շրջանակում առաջարկել են արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումն արգելել:
Առաջարկվում է օրենքով ամրագրել, որ բանկերը եւ վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիփոթեքային կրեդիտները տրամադրում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով: Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (բացառությամբ ՀՀ ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի) բնակարանային հիփոթեքային կրեդիտները կարող են տրամադրվել նաեւ արտարժույթով:
Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ վերջին տարիներին ֆինանսական համակարգում, հատկապես արտարժույթի շուկայում աճել են անորոշությունները, եւ շատ դեպքերում ՀՀ ռեզիդենտները, չունենալով արտարժույթով եկամուտ, արտարժույթով հիփոթեքային պայմանագիր են կնքում եւ դառնում զգայուն արտարժույթի շուկայի նկատմամբ: