Երեսուն տարի է՝ Անահիտ Հակոբյանի առավոտը նույն կերպ է սկսվում: Վաղ արթնանում է, գնում դպրոց, առաջինը բացում դուռն ու սպասում աշակերտներին: Վարդահովիտի հիմնական դպրոցի ուսուցչուհին դպրոցի հիմնադրման առաջին օրերից է ընդունվել աշխատանքի: Իր կրթած սերունդները վաղուց լքել են գյուղը, կարոտով ճանապարհել է, բայց հույսը չի կորցրել՝ մի օր կվերադառնան:
Վայոց ձորի Եղեգիս համայնքի այս փոքրիկ գյուղը նախկինում ադրբեջանաբնակ է եղել: Հետո վերաբնակեցվել է հայերով: Անահիտ Հակոբյանը ժպիտով է հիշում այդ տարիների աշակերտներին. մինչեւ երեք տասնյակ երեխա է սովորել, դատարկ դասարան չի եղել:
Հիմա փոքրիկ բնակավայրի հիմնական դպրոցն ընդամենը յոթ աշակերտ ունի: Իննամյա դպրոցում 4-րդ, 7-րդ դասարաններ չկան:
Գյուղի միակ ուսուցիչն է Անահիտ Հակոբյանը, դասվար է: Մյուս առարկաները դասավանդելու համար հարեւան գյուղերից են գալիս Վարդահովիտ: Մի քանի տասնամյակի փորձով ուսուցչուհին հպարտությամբ է նշում՝ իր առաջին աշակերտուհիներից մեկը հիմա Մալիշկա գյուղից գալիս է Վարդահովիտի դպրոց, լեզու դասավանդում:
Վարդահովիտի ցրտաշունչ ու գրեթե կես տարի տեւող ձմեռները դպրոցի համար էլ անհետեւանք չեն մնում: Թեեւ ձնամաքրման աշխատանքներ կատարվում են, բայց երբ ձյունը մի քանի օր շարունակ անդադար գալիս է, պետք է սպասեն, մինչև կմաքրեն:
«Ձմեռվա բուքին, սառնամանիքին դպրոցի ճամփան դժվար է, երկար շատերի համար». հայտնի բանաստեղծության տողերը Վարդահովիտում ոչ թե աշակերտներին, այլ հարեւան բնակավայրերից գյուղ եկող ուսուցիչներին են վերաբերում: Փակ ճանապարհով ոչ միշտ են Վարդահովիտ հասնում, ու դպրոցի հույսը մնում է Անահիտ Հակոբյանի վրա:
Այդ «բեռը» մանկավարժը սիրով է ընդունում: Սովորել է, մի ընտանիքի պես մեծից փոքր հավաքվում են ու, մի դասարան դարձած, ամեն ինչ սովորում: Դասվար Անահիտ Հակոբյանն այդ օրերին հայոց լեզու, գրականություն, օտար լեզուներ եւ այլ առարկաներ էլ է դասավանդում: Ձմռանը միասին հավաքվում, ձնեմարդ են սարքում, սահնակ քշում:
Վարդահովիտում մշտական բնակվող ընտանիքները մոտ տասն են: Դպրոցի յոթ աշակերտները գյուղի երեք ընտանիքներից են: Թերմինե Հովհաննիսյանը Վարդահովիտի բազմազավակ մայրերից մեկն է: Նրա չորս երեխաներն այժմ դպրոցում են սովորում: Մի տնով մի դպրոց պահող երեխաների դպրոցական ու ընտանեկան առօրյաները քիչ են տարբերվում:
Միասին արթնանում են, իրար հետ գնում դասի, իրար հետ վերադառնում: Յոթամյա Անգելինան ընտանիքի երեխաներից ամենափոքրն է: Գյուղում նրան բոլորը գիտեն, այս տարվա միակ առաջին դասարանցին է եղել: Դասընկեր չունի, բայց իրենից մեծ Արմենի հետ նույն դասարանում են լինում, միասին նույն դասերին մասնակցում: Դրանից շատ է ուրախանում՝ մենակ չի լինում:
Թերմինեի ավագ որդին այժմ 9-րդ դասարանում է սովորում: Կրթությունը շարունակելու համար ընտանիքը ստիպված կլինի լքել գյուղը: Մայրը երկու քարի արանքում է՝ տեղափոխվելը դժվար է, բայց եթե չգնան, տղան միջնակարգ կրթություն չի ստանա: Գիտեն՝ իրենք էլ որ գնան, դպրոցում ընդամենը երեք աշակերտ կմնա, բայց այլ ելք չունեն:
Անահիտ Հակոբյանն ասում է՝ խնդրի լուծումը պարզ ու միաժամանակ բարդ է՝ գյուղում պիտի երիտասարդ ընտանիքներ ստեղծվեն, երեխաներ ծնվեն, դպրոց հաճախող լինի: Բայց որտեղի՞ց նոր ընտանիքներ, երբ մնացել են միայն մեծահասակները, երիտասարդներն էլ լքում են գյուղը աշխատանք ու հնարավորություններ չլինելու պատճառով: Երիտասարդ ո՞ր ընտանիքը կուզի՝ իր երեխան դպրոցից բացի ոչ մի զբաղմունք չունենա, ընկերներ չունենա:
Գյուղի միակ ուսուցիչը հուսադրող բան է գտնում՝ առաջիկա երկու տարիներին էլ դպրոցում առաջին դասարանցիներ կլինեն, ու էլ երեխաներ չկան: Թե հետո ինչ կլինի, չգիտեն: Դժվարանում են պատասխանել՝ գյո՞ւղն է դպրոցը պահում, թե՞ դպրոցը՝ գյուղը, բայց մի բան միանշանակ է՝ թե դպրոցը փակվի, Վարդահովիտը վերջնականապես ամառանոցի կվերածվի, ու դժվար կլինի ոչ թե դպրոցի, այլ գյուղի ճամփան էլ, ապագան էլ:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: