Դմիտրի Սադակովը Հայաստանում առաջին անգամ եղել է չորս տարի առաջ: Ներգրավված է եղել հայ-ռուսական գիտահետազոտական համատեղ ծրագրում: Հենց այդ ժամանակ էլ մեծ հետաքրքրություն է առաջացել ակտիվորեն զբաղվելու մեր երկրի էկոհամակարգերի հետազոտությամբ:
«Հայաստանը որպես երկիր ինձ դուր է գալիս: Առաջին անգամ երբ եկա, հասկացա, որ էլի կգամ ու կարող եմ ինչ-որ ներդրում ունենալ էկոհամակարգերի պահպանության գործում»,- ասում է Դմիտրին:
2020-ին նրան հնարավորություն է ընձեռվել մասնակցելու Լոռու մարզի լճերի հետազոտության համատեղ ծրագրում:
Այս անգամ Հայաստան նա եկել է հոկտեմբերի սկզբին: Թե ինչքան կմնա, դեռ չգիտի: Բայց անմիջապես ձեռնամուխ է եղել ինչպես նախկին կապերը վերականգնելուն, այնպես էլ նոր կապեր ստեղծելուն: Գործընկերների հետ քննարկել է Հայաստանի լճերի եւ ջրային այլ էկոհամակարգերի հետազոտության ընդհանուր նախագծերի հնարավորությունը:
Դրամաշնորհային նախագիծ է պատրաստում: Հուսով է, որ անգլիական կամ ամերիկյան գործընկեր կազմակերպություններից ֆինանսավորում կգտնի եւ 2023-ի գարնանը կսկսի իր ուսումնասիրությունները: «Արդեն պայմանավորվածություններ կան ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի եւ Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ»,- ասաց նա:
Դմիտրին որոշել է բնապահպանության ոլորտում համագործակցության հարթակ ստեղծել Հայաստանի էկոհամակարգերի ուսումնասիրման ու պահպանության ոլորտում հետաքրքրված ինչպես տեղացի, այնպես էլ ռուս եւ այլ օտարերկրացի անձանց ու կազմակերպությունների համար: Նոյեմբերի 12-ին նախաձեռնել է բնապահպանական ցանցի (Econetworking) առաջին հանդիպումը: Ներկայացրել է Լոռու սարահարթի լճերի կենսաբազմազանության պահպանության առումով կարեւոր էկոհամակարգերն ու դրանց պահպանության խնդիրները:
«Լոռին շատ հետաքրքիր է, բույսերի եւ կենդանիների եզակի տեսակներ կան, հետաքրքիր էկոհամակարգեր: Հայաստանում քիչ են լճային ու ջրաճահճային էկոհամակարգերը, բայց միաժամանակ կարեւոր դեր ունեն թե՛ տնտեսական նշանակության, թե՛ կենսաբազմազանության առումով»,- ասում է նա:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները՝ ներկայացնելով պահպանվող տարածքում բնության պահպանության ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Երկրորդ հանդիպմանը եւս երկու բանախոս ունեին: Մաքուր Բալթիկայի կոալիցիայի (Coalition Clean Baltic) ներկայացուցիչ Աննա Ուշակովան ներկայացրեց իրենց ցանցի գործունեությունն ու Հայաստանի հետ համագործակցության հնարավոր եզրերը, իսկ Հայաստանում ժամանակավոր բնակվող Թեյլոր Հոջը՝ Էկո Գյումրի նախաձեռնության գործունեությունը:
Մաքուր Բալթիկայի կոալիցիան 30 տարվա պատմություն ունի, միավորում է մերձբալթյան 11 երկրների շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ: Աշխատում են ջրային տարածքների ճահճացման, կենսաբազմազանության, թափոնների եւ ծովային էկոհամակարգերի պահպանության ուղղությամբ: Էական առաջընթաց ունեն հատկապես գետային էկոհամակարգերի աղտոտման խնդիրների վերհանման ու դրանց լուծման գործում հանրության ներգրավման առումով: Հանրային մշտադիտարկման միջոցով քարտեզագրել են աղտոտման ավելի քան 700 թեժ կետեր: Տեղական ու ռեգիոնալ մակարդակներում համագործակցային արդյունավետ կապեր են ստեղծել հանրային հատվածի եւ կառավարման մարմինների միջեւ:
Ռուսաստանի կառավարությունը, սակայն, կազմակերպությունը ճանաչել է որպես միջազգային գործակալ, ինչի պատճառով Ռուսաստանում նրանց գործունեության շրջանակը խիստ սահմանափակվել է. չեն կարող այլեւս աշխատել դպրոցականների եւ ուսանողների հետ, պետական ֆինանսավորում ստանալ բնապահպանական իրենց գործունեության համար: Այս պահին փորձում են ավարտին հասցնել արդեն մեկնարկած ծրագրերը:
Աննա Ուշակովան վստահ է, որ իրենց դրական փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի գետային ու լճային էկոհամակարգերի աղտոտվածության խնդիրների վերհանման ու դրանց առողջացման առումով: Կարծում է, որ ընդհանուր շատ բան կա. Հայաստանը հետխորհրդային երկիր է, այստեղ եւս կան կլիմայի փոփոխության պատճառով սրվող խնդիրներ, կան անդրսահմանային գետեր:
«Վերջին տարիներին Բալթիկ ծովի առափնյա որոշ հատվածներում ջուրը կանաչում է, ծաղկում է միջին ջերմաստիճանի բարձրացման ու տեւական բարձր ջերմաստիճանի պատճառով: Փորձագետների հետ քննարկումների ընթացքում պարզել ենք, որ դա շատ նման է Սեւանա լճում տեղի ունեցող պրոցեսին: Այս ուղղությամբ, օրինակ, կարող ենք համագործակցել: Կարող ենք համատեղ լիովին նոր ծրագրեր նախաձեռնել»,- ասում է Աննա Ուշակովան:
Նորաթուխ բնապահպանական ցանցը հարթակ է, որտեղ տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ կարող են միասին աշխատել ու փորձառություններ (պրակտիկաներ) զարգացնել կայուն զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ: Հարթակի հանդիպումներն առայժմ ամենամսյա պարբերականությամբ են: Հետագայում հնարավոր է ավելի հաճախակի լինեն: Բայց որ կարիքը կար, Դմիտրին վստահ է. «Եթե առաջին հանդիպմանն ընդամենը ութ հոգի էր եկել, ապա այս անգամ՝ կրկնակի ավելի: Հանդիպումը բազմընդգրկուն էր նաեւ մասնակիցների ներկայացրած ոլորտների ու կազմակերպությունների առումով»:
Ընթացքում պարզ կլինի նաեւ, թե ինչ ուղղությամբ է առավել նպատակահարմար շարունակել ցանցի աշխատանքը: Հնարավոր է կենտրոնանան մի քանի կոնկրետ խնդիրների վրա, փորձեն լուծման տարբերակներ առաջարկել:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։