ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:
Ըստ հաղորդագրության` կողմերն ընդգծել են Ռուսաստանի դրական դերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ նրանց միջեւ տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում:
Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման եւ փոխադրումների կազմակերպմանն առնչվող հարցեր։
Կողմերը կշարունակեն աշխատել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ։
Հայկական եւ ադրբեջանական կողմերն իրենց երախտագիտությունն են հայտնել ռուսական կողմին բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման եւ հյուրընկալության համար։