Ըստ ամերիկյան CNN-ի՝ ԱՄՆ-ում նոյեմբերին տեղի ունեցած միջանկյալ ընտրությունները պաշտոնապես ավարտված են: Ջորջիա նահանգում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Ռաֆայել Ուորնոքն ընտրությունների երկրորդ փուլում առաջ է անցել իր հանրապետական մրցակից Հերշել Ուոքերից, ինչի շնորհիվ դեմոկրատները Սենատում կունենան 51 տեղ, իսկ հանրապետականները՝ 49: Բայդենը շնորհավորել է Ուորնոքին ընտրվելու առթիվ:
Գործող Սենատում երկու կուսակցությունների տեղերը հավասարապես են բաշխված. յուրաքանչյուրն ունի 50 տեղ: Չնայած ընտրությունների արդյունքներով արձանագրված չնչին տարբերությանը՝ դեմոկրատներն այժմ մեծամասնություն կկազմեն Սենատի բոլոր հանձնաժողովներում, ինչը նրանց հնարավորություն կտա ավելի արագ մշակելու օրենքներ, ավելի հեշտությամբ հաստատելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջադրած թեկնածուներին, ունենալ ավելի մեծ աշխատակազմ եւ մեծ բյուջե:
Ըստ CNN-ի՝ այս ընտրություններն առանձնացան նրանով, որ վերընտրվելու համար առաջադրված գործող 29 սենատորներից բոլորն անխտիր հաղթեցին: Սա առնվազն 100 տարվա ընթացում առաջին դեպքն է, երբ վերընտրվելու համար պայքարող ոչ մի գործող սենատոր չի պարտվել: Միջանկյալ ընտրությունների արդյունքներով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կկազմեն հանրապետականները, որոնք ունեն 222 տեղ: Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում ունեն 213 տեղ: