ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծ, որով նախատեսվում է Հայաստանում ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Հայաստանի հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին ԱԺ նիստում կողմ են քվեարկել 65, դեմ՝ 5 եւ ձեռնպահ՝ 22 պատգամավորներ:
Նախագծով առաջարկվում է 2023-ից սկսած համակարգի ներդրումն իրականացնել 3 տարվա ընթացքում: Հարկային առաջին տարին, որի համար կներկայացվեն հայտարարագրեր, կլինի 2024 թվականը: Առաջին փուլի շրջանակում ընդգրկված են պետական եւ համայնքային ծառայության եւ հանրային պաշտոններ զբաղեցնող քաղաքացիներ, նրանց թվում՝ նոտարները՝ անձնական եկամուտների մասով:
Հաջորդ ենթախումբը ձեռնարկատիրական գործունեության հետ ուղիղ կամ անուղղակի կապված ֆիզիկական անձինք են՝ 2022-ի արդյունքներով 1 միլիարդ դրամ եւ ավել համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ առեւտրային կազմակերպությունների բաժնետեր ռեզիդենտ քաղաքացիները, ինչպես նաեւ 2023-ի ընթացքում առեւտրային կազմակերպություններից 20 միլիոն դրամ կամ ավել փոխառություններ ստացած ռեզիդենտ քաղաքացիները:
2024-ից այդ շրջանակը կընդլայնվի աշխատանքային պայմանագրերով աշխատանք կատարող, քաղաքացիական պայմանագրերի հիման վրա ծառայություններ մատուցող եւ աշխատանքներ կատարող ռեզիդենտ քաղաքացիներով: Առաջարկվում է 2025-ին համակարգում ընդգրկել նաեւ մնացած ռեզիդենտ ֆիզիկական անձանց:
Հայտարարագրի նախագիծը տվյալ պահին հարկային մարմնին հայտնի տեղեկության հիման վրա պատրաստելու է հարկային մարմինը: Եթե հայտարարագրում լրացումներ կատարելու անհրաժեշտություն չլինի, քաղաքացուն պարզապես մնում է հաստատելու հայտարարագիրը, եւ այն կհամարվի սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված: Եթե քաղաքացին տեսնի, որ հայտարարագրում արտացոլված որոշ տեղեկություններ պետք է վերանայվեն կամ լրացվեն, դրանից հետո է միայն նա հաստատում իր համար ներկայացվող հայտարարագիրը: