Ապրել, ոչ թե գոյատեւել, չթուլանալ, չհանձնվել, չկոտրվել… դաժան ճակատագրից վրեժն առնել ապրելով եւ ապրեցնելով: 34 տարի շարունակ «Փյունիկ հաշմանդամների միություն» ՀԿ-ի Գյումրու մասնաճյուղի եւ «Արմինե» կրթամշակութային կենտրոնի նախագահ Արմինե Նիկողոսյանը, կյանքի մարտահավերն ընդունելով, ընտրել է արժանապատիվ ապրելու ուղին:
Որոշեցինք խոսել հաղթանակների, ոչ թե դաժան օրվա՝ դեկտեմբերի 7-ի սահմռկեցուցիչ իրադարձության մանրամասներից: Արմինեի անչափելի կորուստը հասկանալու համար միայն ասենք, որ աղետը խլեց նրա ամենաթանկը՝ ընտանիքը՝ երկու մանկահասակ երեխաներին: Հոգու եւ կյանքի կեսը խլելը քիչ համարելով՝ արհավիրքը տարավ նաեւ 21-ամյա Արմինեի զույգ ոտքերը: Գերբնական ուժով նա առանց ոտքերի ավելի ամուր կանգնեց հողին, քան շատ-շատերը: «Ինձ ուժ տվեցին իմ ծնողներն ու ընկերները: Հուսահատությունը կարճ տեւեց, որոշեցի, որ ես էլ ի՛մ հերթին եմ կյանքին մարտահրավեր նետելու»:
1990 թվականին Արմինե Նիկողոսյանը Գյումրիում գործող «Գթություն» ընկերությունում գտավ սրտակից ընկերների, որոնք հորդորեցին նրան բարձագույն կրթություն ստանալ: Նույն տարում ընդունվեց Գյումրու, այն ժամանակ Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, ստացավ առաջին, բայց ոչ վերջին մասնագիտությունը. հետագայում բարձրագույն մասնագիտական դիպլոմներն ավելացան եւս 3-ով:
«Փյունիկ Հայաստանի հաշմանդամների միություն» հասարակական կազմակերպության շնորհիվ էլ 1990-ականների վերջին ակտիվ սպորտի աշխարհ մտավ. զբաղվեց բազմաթիվ մարզաձեւերով, բայց առավելությունը տվեց լեռնադահուկային սպորտին: «Ես չգրված օրենք ունեմ. ընտրում եմ հնարավորություններից ամենադժվար հասանելին: Ընկերներս ասում էին, թե լեռնադահուկային սպորտը բարդ է, չընտրեմ, բայց ես հաջողության հասա հենց այդ մարզաձեւում»,- պատմում է Արմինե Նիկողոսյանը:
Պարալիմպիկ խաղերը նրան տարան տարբեր երկրներ՝ Ճապոնիա, Ռուսաստան, որտեղից նա վերադառնում էր հաղթանակներով:
Մարզական կարիերայի ավարտի պատճառ է դառնում 2001 թվականին ստացած վնասվածքը, որը, սակայն, նոր գործունեության սկիզբ է դառնում: Արմինե Նիկողոսյանը Գյումրիում հիմնում է «Փյունիկ հաշմանդամների միություն» ՀԿ-ի Գյումրու մասնաճյուղը, այնուհետեւ՝ «Արմինե» կրթամշակութային կենտրոնը: Այդ օրվանից ոչ միայն Գյումրու հաշմանդամություն ունեցող, այլեւ սոցիալապես անապահով բազմաթիվ երեխաներ տաքուկ անկյուն են բացահայտում՝ լցված մայրական սիրով: «Դժվարը հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողի հետ աշխատելն է, ամաչում են իրենց երեխաների խնդրից: Մենք այցելում ենք ընտանիքներ, հորդորում, որ տնից դուրս բերեն երեխաներին»:
Մինչ օրս 3 տարեկանից սկսած հարյուրավոր երեխաներ ոչ միայն օրն անցկացնում են ապահով միջավայրում, այլեւ ստանում են բազմաթիվ մասնագիտություններ, այնուհետեւ տեղավորվում աշխատանքի: «Ծրագիր արեցինք տեսողության խնդիրներ ունեցող երեխաների համար, բրալյան այբուբեն, համակարգչից վարժ օգտվել սովորեցին: Հրաշալին այն է, որ տեսողության խնդիր ունեցող մեր սաներն արդեն դասավանդում են»:
Հրաշքի սպասող ու հավատացող Արմինեի կյանքի մեծագույն հրաշքը՝ որդին, լույս աշխարհ եկավ 2009 թվականին, որ մայրը լիարժեք ապրի, ապացուցի աշխարհին, որ միայն ուժեղներին է տրված հրաշք վայելելու բերկրանքը:
Զրույցի ավարտին Արմինե Նիկողոսյանը գաղտնիք բացեց. կյանքի օրագիր է պահում, արձանագրում ապրած ամեն օրը: «Ամեն օր կարդալով նախորդ օրերիս պատմությունը՝ պարզ տեսնում եմ առաջխաղացումս ու աճս նախորդ օրվա համեմատ»:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։