Ալավերդու տարածաշրջանի տասը նկարիչներ տարբեր տարիների իրենց աշխատանքներով մասնակցում են «Սալոն Ալավերդի» խորագրով ցուցահանդեսին։ Բացումը դեկտեմբերի 6-ին էր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում։
Ներկայացված գործերի մեծ մասը գեղանկարներ են։ Միայն երեք ստեղծագործողներ են ցուցահանդեսին ներկայացել գրաֆիկական աշխատանքներով։
Ալավերդու գեղարվեստի դպրոցի տնօրեն, գեղանկարիչ Վարուժան Վարդումյանը վերջերս ավարտած «Աշխարհս Հայաստան» գործն է բերել ցուցահանդես։
Հեթանոսություն, քրիստոնեություն, ճարտարապետական կոթողներով հարուստ Արեւմտյան Հայաստան, Արցախ, Ջավախք, Կիլիկիա, Էրեբունի եւ Երեւան կամ այն ամենը, որտեղ կա հայը․ նկարիչը մեկնաբանում է իր աշխատանքը, ապա շեշտում դրա ստեղծման հիմքում դրված գաղափարը՝ այս ամենը միասին տեսնելու երազանք։
Նկարիչներից եւ մտավորականներից բացի ցուցահանդեսին ներկա էին Ալավերդու համայնքապետը, ավագանու անդամներ։ Չնայած պատկերասրահի տնօրենության՝ հանրությանը ներգրավելու ջանքերին՝ սովորական քաղաքացիները պատկերասրահ այցելելու հարցում պասիվ են։
Նկարիչ, հագուստի մոդելավորող Մարգարիտա Վերանյանը, որ սեփական արվեստանոցում փոքր եւ միջին տարիքի երեխաներին է նկարել սովորեցնում, իր համաքաղաքացիների պասիվությունն այսպես է բացատրում․
«Երեւի թերագնահատում են՝ մտածելով, որ ուրիշ տեղերում ավելի լավ է, քան իրենց բնակավայրում։ Բայց էսօր կա ստեղծագործող սերունդ, որն ավելի լավն է, քան մենք։ Ինֆորմացիայի դաշտն է մեծացել, եւ հետաքրքրությունների ծայրահեղություն կա, որից կա՛մ կործանվում են, կա՛մ դառնում կատարյալ։ Այսօր շատ երեխաների մեջ ես տեսնում եմ դեպի կատարյալ ձգտումը»,- ասում է Մարգարիտան։
«Սալոն Ալավերդի» ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան քաղաքի մանկական արվեստի դպրոցի ազգային նվագարանների եւ դաշնամուրային բաժնի սաները։
Տարածաշրջանի նկարիչների գործերը պատկերասրահում կցուցադրվեն մինչեւ դեկտեմբերի 26-ը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։