Goldman Sachs Group Inc-ի տնտեսագետները փորձել են ուրվագծել, թե ինչպիսին կլինի համաշխարհային տնտեսությունը 2075 թվականին։
ԲՌԻԿՍ երկրների (BRICS — Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) տնտեսությունների զարգացման երկարաժամկետ հեռանկարի մասին կանխատեսումներից 20 տարի անց Goldman Sachs-ի տնտեսագետները Յան Հաթցիուսի գլխավորությամբ ընդլայնել են իրենց կանխատեսումները՝ ուրվագծելով, թե առաջիկա 50 տարիներին ինչ ընթացքով կզարգանան աշխարհի 104 երկրի տնտեսությունները։
Համաձայն այդ կանխատեսումների՝ գլոբալ աճն առաջիկա տասնամյակներին կլինի 3 տոկոս կամ մի փոքր ավելի։ Նախքան ֆինանսական ճգնաժամը տասնամյակում գլոբալ տնտեսական աճը եղել էր 3,6 տոկոս։ Առաջիկա տասնամյակներին այն աստիճանաբար նվազելու է՝ արտացոլելով աշխատուժի հարաբերական նվազումը։
Զարգացող շուկաները շարունակելու են ավելի սերտ հարաբերությունները զարգացած արդյունաբերություն ունեցող երկրների հետ։ Չինաստանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի եւ Գերմանիայի տնտեսություններն ըստ դոլարային արտահայտման աշխարհում ամենամեծն են։ Նիգերիայի, Պակիստանի եւ Եգիպտոսի տնտեսությունները նույնպես կարող են լրացնել այդ շարքը։
Քիչ հավանական է, որ Միացյալ Նահանգները կրկին կգրանցի իր հարաբերականորեն բարձր ցուցանիշները, որոնք ունեցել է վերջին տասնամյակում։ Դոլարի բացառիկ կայունությունն էլ հաջորդ տասը տարիներին կնվազի։
Եկամուտների անհավասարությունը երկրների միջեւ կկրճատվի, սակայն երկրների ներսում եկամուտների անհավասար բաշխումը կխորանա։
Հովանավորչությունն ու կլիմայի փոփոխությունները, ըստ տնտեսագետներ Քեյվին Դեյլիի եւ Թեդաս Հեդմինասի, կդիտարկվեն որպես առավել կարեւոր ռիսկեր թե՛ աճի, թե՛ եկամուտների տարբերությունների կրճատման համար։
Goldman Sachs-ի կանխատեսումները վկայում են, որ համաշխարհային տնտեսությունն արդեն հաղթահարել է գլոբալ պոտենցիալ աճի բարձրակետը։ Կանխատեսվող դանդաղեցումը մեծ մասամբ կապված է ժողովրդագրության հետ։ Վերջին 50 տարիներին աշխարհում բնակչության աճը կկրճատվի երկու անգամ։
Բնակչության աճի կրճատումով շրջակա միջավայրի վրա մարդկության առաջացրած ծանրաբեռնվածությունը կնվազի։ Սակայն բնակչության աճի կրճատումը առաջ կբերի մի շարք տնտեսական խնդիրներ։ Մասնավորապես երկրները հարկադրված են լինելու իրենց ծերանոցների բնակիչների համար նախատեսված առողջապահական ծախսերն ավելացնել։
Պատրաստեց Արման Գրիգորյանը