Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնել են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ դեկտեմբերի 7-ին Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եւ Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվել է հոգեհանգիստ ի հիշատակ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի անմեղ զոհերի։
Մայր Աթոռի միաբանությունն աղոթք է բարձրացրել առ Աստված զոհված հայորդիների հոգիների խաղաղության եւ հանգստության համար։
Հայաստանում 34 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով 11-ն անց 41 րոպե 22,7 վայրկյանին, Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը: Տուժել են 21 քաղաք եւ շրջան, 342 գյուղ: Լրիվ կամ մասնակի ավերվել են Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր:
Պաշտոնական տվյալներով զոհվել է 25 հազար մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20 հազարը: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝ մոտ 15-17 հազար եւ Սպիտակում՝ 4 հազար մարդ: Անօթեւան է մնացել 514 հազար մարդ: Ավերիչ երկրաշարժի հետեւանքով ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, 100-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություն դադարել է գործելուց, մեծ վնաս է հասել նաեւ պատմաճարտարապետական եւ արվեստի հուշարձաններին: