ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ) հայտնել են, որ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մասնավորապես փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերեւութաբանական կայանից Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը եւ Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին եւ Ճամբարակ քաղաքում մառախուղ է։
Լարսւ բաց է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներով՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վերին Լարսում տրանսպորտի երթեւեկությունն արդեն կատարվում է 12 նոր գոտիներով: