«Բնապահպան» ներկայացող ադրբեջանցիները, որոնք դեկտեմբերի 3-ին փակել էին Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, դեկտեմբերի 7-ին Իվանյան համայնքում շարունակել են բանակցություններն Արցախում տեղակայված ռուսական զորակազմի հրամանատարության հետ:
Ադրբեջանական խմբից ռուս խաղաղապահների հետ շտաբ է ուղեւորվել 5 հոգի, մյուսներին, ինչպես նաեւ նրանց ուղեկցող ադրբեջանցի լրագրողներին, չի թույլատրվել մուտք գործել խաղաղապահների պատասխանատվության գոտի:
Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ Անդրեյ Վոլկովը, արձագանքելով ադրբեջանցի լրագրողների դժգոհությանը, հայտարարել է, որ կարդում է ադրբեջանական լրատվամիջոցներում ռուս խաղաղապահների եւ իր հասցեին բացասական հրապարակումներն ու ադրբեջանական լրատվամիջոցների գործողությունները որակել է «վարկաբեկիչ»: Ադրբեջանցի լրագրողները առցանց հեռարձակումը շարունակել են տեղից եւ մի շարք սադրիչ հայտարարություններ են հնչեցրել ռուս խաղաղապահ առաքելության հասցեին: