Սպիտակում 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ այսօր հոգեհանգստյան կարգ է կատարվել։ Ոգեկոչման արարողությանը ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։
Սպիտակի երկրաշարժի եւ Ճապոնիայի ահեղ ցունամիի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողներին ներկաները ծաղիկներ են դրել, ապա ելույթներով ցավակցել եւ ոգեկոչման խոսքեր ասել։
Ճապոնիայի դեսպանը նշել է, որ ճապոնացիները հայ ժողովրդի կողքին են եղել աղետի օրերին, իսկ հետագայում օգնել նաեւ մեղմելու վիշտը, հաղթահարելու դժվարությունները։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին՝ ճապոնացիների համար ծանր օրերին իրենց կողքին լինելու համար։
Պաշտոնյաներն այցելել են նաեւ Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատ, ապա Վանաձորի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակում գտնվող խաչքարի մոտ մասնակցել հոգեհանգստյան կարգի, որ կատարվել է Գուգարաց թեմի առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ։
Երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ հոգեհանգստի կարգ է կատարել նաեւ Ալավերդու եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Միքայել քահանա Շաղոյանը։ Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մոմավառությունից հետո հոգեւոր դասի եւ համայնքային իշխանության ներկայացուցիչները, համայնքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատակիցներն ու քաղաքի մտավորականները երթով շարժվել են դեպի Անմեղ զոհերի հուշարձան եւ մեկ րոպե լռությամբ հարգել երկրաշարժի զոհերի հիշատակը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։