Շիրակի մարզում զբոսաշրջությունը զարգանում է: Անհատներն ու զբոսաշրջային ընկերությունները մարզը դիտարկում են որպես հետաքրքիր ուղղություն: Որ վերջին մի քանի տարիներին դեպի Գյումրի, հատկապես հանգստյան օրերին մայրաքաղաքից եւ մարզերից զբոսաշրջիկների ակտիվ հոսք կա, ոչ ոք չի հերքում: Իսկ թե երբ սկսվեց եւ ում ջանքերով հանրապետության երկրորդ քաղաքը գրավիչ դարձավ, վիճելի է շատերի համար:
Ոմանք ասում են՝ զբոսաշրջային բումը հեղափոխության քաղցր պտուղներից է, վայելում ենք: Հիշում են, որ Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումներն անցկացվեցին Գյումրիում: Քաղաքի տարբեր հատվածներում երաժշտական հարթակներ դրեցին, հիմնանորոգված Ռուսթավելի փողոցում էլ առանձին տաղավարներով ներկայացրին ՀՀ մարզերի կոլորիտը: Կառավարության անդամները, վարչապետն իր ընտանիքով տոնը Գյումրիում անցկացրին: Գյումրեցիներից ոմանք ասում են՝ այդ օրվանից է քաղաքը դարձել զբոսաշրջային վայր:
«Մեր ազգի հիշողությունը, ցավոք, շատ կարճ է: Մոռացել են, որ 2016 թվականին Ազգային ժողովն է հավանություն տվել ՎԶԵԲ-ի վարկային ծրագրին, որով նորոգվելու էին Գյումրու կենտրոնական փողոցները»,- ասում է ՄարՄար զբոսաշրջային ընկերության մենեջեր, զբոսավար Լիզա Գասպարյանը եւ հիշեցնում, որ ներկա վարչապետը դեմ է քվեարկել այս ծրագրին: Չհավատացողներին խորհուրդ է տալիս բացել ու նայել արխիվը: «Այսօրվա իշխանությունն իրեն հատուկ ոճով՝ մանիպուլյացիայով որդեգրեց ծրագիրը»:
Ով ում արածն է որդեգրել, ով ինչ է արել կամ չի արել. եթե այս հարցերը մի կողմ դնենք ու խոսենք Շիրակի մարզի առանձնահատկություններից, ըստ ոլորտի մասնագետների՝ գլխավորը Գյումրու պատմական միջուկն է՝ առանց ճարտարապետական փոփոխությունների: Լիզա Գասպարյանը վստահ է, որ լավ մարքեթինգի կիրառման դեպքում Գյումրին կարող է ստվերում թողնել Թբիլիսին՝ որպես հին ոճի կրող քաղաք:
«Ինչ է անում պետությունը սեփական հարստությունը պրոպագանդելու, զբոսաշրջությունը զարգացնելու համար» հարցին ոլորտի երկարամյա մասնագետն ասում է՝ Զբոսաշրջության պետական կոմիտե ունենք, որի արած աշխատանքը որեւէ ձեւով տեսանելի չէ: «Նստած են կառավարության հարմար շենքերում եւ տեղյակ չեն՝ ինչ է կատարվում մարզերում: Ոլորտը զարգացնում են միայն անհատները: Մենք չենք զգացել պետության աջակցությունն ու մեկնած ձեռքը»:
Զբոսավարը թվարկում է խնդիրները, որոնց բախվում է ոլորտն ամեն օր. ենթակառուցվածքների խնդիր ունենք: Դարի շինարարություն Հյուսիս-հարավը տարիներ շարունակ խոչընդոտում է զբոսաշրջային հոսքը դեպի Շիրակի մարզ: Հաջորդ խնդիրն, ըստ նրա, Գյումրու օդանավակայանի, մեղմ ասած, խեղճ վիճակն է, որտեղ մուտք գործողը դիտարկվում է որպես գումար տվող օբյեկտ: «Քաղավիացիան եւ զբոսաշրջային պետական կոմիտեն, իրար հերթ չտալով, միջազգային չվերթեր էին խոստանում, բայց Գյումրի-Մոսկվա չվերթից այն կողմ չանցանք»:
Լիզա Գասպարյանը մեծ խնդիրների կողքին փոքրերն էլ է թվարկում, որոնք լուծելու համար մեծ ջանքեր ու ներդրումներ հարկավոր չեն. հարցերի հարցը՝ զուգարանների բացակայության փաստը, մեծագույն խնդիրներից է: Բացի այդ՝ թանգարաններում առցանց հերթագրում չունենք, որ մարդն իր ժամն ամրագրի, չգա հերթ կանգնի: «Աշխարհը զարգացել է, մենք մնացել ենք Սովետի եւ մեր օրերի արանքում»:
Շիրակի մարզ եկողներին Գասպարյանը խորհուրդ է տալիս չսահմանափակվել Գյումրու կենտրոնով: Թվարկում է մարզի զբոսաշրջային վայրերը՝ Երերույքի տաճար, Մարմաշենի, Հառիճի վանական համալիրներ, Ախուրյանի կիրճ, Ամասիայի, Աշոցքի հիասքանչ գոտիներ… Տեղանքները հրաշալի են, բայց դեպի դրանք տանող ճանապարհները՝ կրկին անմխիթար: «Արդեն ունենք վատ օրինակ՝ զարգացած Երեւան, հետ մնացած մարզեր: Հիմա չկրկնենք նույնը մարզի կտրվածքով. Գյումրին զարգացնենք՝ անտեսելով մարզի այլ տարածքները»:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։