«Հայաստան» դաշինքի պառակտման արդյունքում Ազգային ժողովի նույնանուն խմբակցության մեջ բարձրանում է «Դաշնակցություն» կուսակցության կշիռը։ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն անցած շաբաթ դուրս եկավ դաշինքից, այդ ուժի երեք պատգամավորներ Վահե Հակոբյանը, Ելենա Կիրակոսյանն ու Հռիփսիմե Ստամբուլյանը վայր դրեցին մանդատները։ Մինչ այդ մանդատը վայր էր դրել անկուսակցական Արամ Վարդեւանյանը։ Նրանք բոլորն էլ խմբակցությունից ու խորհրդարանից դուրս եկան այդ քաղաքական ուժի մարտավարության հետ տարաձայնությունների պատճառով։
«Հայաստան» խմբակցության ազատ պատգամավորական տեղերը պետք է զբաղեցնեն նույնանուն դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ թեկնածուները։ Դաշինքի ցուցակը բաղկացած է երեք ուժերից՝ նույն «Վերածնունդ Հայաստան» կուսակցության ու «Դաշնակցության» անդամներից, նաեւ անկուսակցական թեկնածուներից, որոնք հիմնականում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն են։ Ցուցակում այս երեք խմբի թեկնածուները հերթականությամբ հաջորդում են մեկը մյուսին եւ գրեթե հավասարապես են բաշխված։
Դաշինքից «Վերածնվող Հայաստանի» դուրս գալուց հետո տրամաբանական է, որ այդ կուսակցության թեկնածուները մանդատ չեն վերցնի։ Իսկ դաշինքի նախընտրական ցուցակից վերջինը պատգամավոր է դարձել Գառնիկ Դանիելյանը։ Արդեն հրապարակումներ կան, որ նրանից հետո ցուցակի անկուսակցական անդամներ Ռիմա Ղազարյանը, Ռուբեն Մելքոնյանը եւ Սայադ Շիրինյանը չեն ցանկանում պատգամավոր դառնալ։ Ռիմա Ղազարյանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դանիելյանի հարսն է եւ չի ուզում բժշկի իր աշխատանքը փոխել պատգամավորի մանդատով։ Ռուբեն Մելքոնյանը չի ցանկանում թողնել ԵՊՀ արեւելագիտական ֆակուլտետի դեկանի պաշտոնը, պատգամավոր չի պատրաստվում դառնալ նաեւ Սայադ Շիրինյանը։ Ամենայն հավանականությամբ ազատ մանդատները բաժին կհասնեն ՀՅԴ-ին։
Ի դեպ, «Հայաստան» խմբակցությունն ամենավերջինը համալրած Գառնիկ Դանիելյանը նույնպես ՀՅԴ անդամ է։ Նա հոկտեմբերին վերցրել էր անկուսակցական Արթուր Ղազինյանի վայր դրած մանդատը։ Այս դաշինքում անցած տարի մանդատը վայր էր դրել նաեւ «Վերածնունդ Հայաստանի» անդամ Մխիթար Զաքարյանը, նրա փոխարեն խմբակցությունը համալրած Արգիշտի Գեւորգյանը նույնպես ՀՅԴ անդամ է։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» խմբակցության 29 մանդատներից ընդամենը 10-ն էր բաժին հասել ՀՅԴ-ին, ամենամեծը անկուսակցականների խումբն էր՝ 14 պատգամավոր, հիմա արդեն «Դաշնակցությունն» ունի 12 պատգամավոր։ Եվ եթե «Վերածնվող Հայաստան»-ի եւ անկուսակցական Արամ Վարդեւանյանի վայր դրած 4 մանդատներն էլ բաժին հասնեն ՀՅԴ-ին, ապա «Հայաստան» խմբակցությունում «Դաշնակցության» անդամները կգերակշռեն։
Այդպիսով՝ ՀՅԴ-ի համար մեծ հնարավորություն է բացվում, որ 8-րդ գումարման խորհրդարանում ունենա Հայաստանի անկախության ընթացքում ամենամեծ պատգամավորական խումբը։ Եվ դա նորից Ռոբերտ Քոչարյանի, միգուցե նաեւ հեղափոխության շնորհիվ։
Ընդհանրապես Հայաստանի անկախության տարիներին ՀՅԴ-ի վերելքներն ու վայրեջքները, այդ թվում՝ խուրհրդարանում մանդատների քանակն ուղիղ համեմատական են Քոչարյանի կարգավիճակի հետ։ Երբ Քոչարյանը նախագահ էր, ՀՅԴ-ի թուրը կտրում էր աջուձախ. ԱԺ-ում ուներ համեմատաբար մեծ խմբակցություն, Կառավարությունում՝ նախարարներ ու փոխնախարարներ, պետական կառավարման այլ մարմիններում՝ բազմաթիվ պաշտոններ՝ դրանցից բխող ամենատարբեր հնարավորություններով։
Այդպիսով՝ 1990 թվականին ձեւավորված Գերագույն խորհրդում ՀՅԴ-ն ունեցել է 12 հոգուց բաղկացած պատգամավորական խումբ։ Այդ ժամանակ դաշնակցական պատգամավոր էր նաեւ «Քաղաքացիական խմբակցության» անդամ Հովիկ Աղազարյանը։
Հաջորդ՝ 1995 թվականի ընտրություններից հետո ձեւավորված առաջին գումարման ԱԺ-ում ՀՅԴ-ն ներկայացված չէր, քանի որ չէր գործում։ Կուսակցությունը վերսկսում է գործունեությունը Քոչարյանի՝ Արցախից Հայաստան գալուց հետո, 1999 թվականի ընտրություններին ձեռք բերում 8 տոկոս եւ 5 մանդատ։
Արդեն 2003-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Քոչարյանը գրեթե լիովին տիրապետում էր ՀՀ քաղաքական ու պետական համակարգին, եւ ՀՅԴ-ն երրորդ գումարման ԱԺ-ում ստացավ 11 մանդատ, Կառավարությունում՝ նախարարական եւ այլ պաշտոններ։ 2007 թվականի ընտրություններին ձեւավորված 4-րդ գումարման ԱԺ-ում ՀՅԴ-ն ունեցավ 16 պատգամավոր, իսկ Կառավարությունում՝ ավելի շատ պաշտոններ։ Հատկապես այդ տարիները «Դաշնակցության» աստեղային շրջանն էին, անկախ Հայաստանի պետական համակարգում ամենալայն ընդգրկված լինելու հնգամյակը։ Այլեւս երբեք նման հնարավորություն չի ունեցել։
Քոչարյանից հետո Սերժ Սարգսյանի նախագահության շրջանի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի քվեների եւ պատգամավորների թվերը փոքրանում են՝ 2012-ին ընդամենը 5 տոկոս եւ 5 պատգամավոր, 2017-ին՝ 7 տոկոս եւ 7 պատգամավոր։
2018 թվականի հետհեղափոխական խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ն իշխանական լծակներից օգտվելու հնարավորություն չուներ, ստացավ ընդամենը 3,9 տոկոս, չկարողացավ հաղթահարել նվազագույն շեմը եւ ԱԺ չանցավ։ Այդպիսով հօդս ցնդեցին տարիներ շարունակ եղած այն պնդումները, թե ցանկացած պարագայում, անգամ առանց իշխանությունների օգնության, «Դաշնակցությունը» 6-7 տոկոս ձայն ունի։
Այդ մասին բոլորից լավ գիտեր ՀՅԴ-ն ինքը, այդ պատճառով էլ անցած տարվա արտահերթ ընտրություններին Քոչարյանի մասնակցությունը նրանց համար փրկություն էր։ Մտան նրա առաջնորդած «Հայաստան» դաշինքը եւ, օգտագործելով նախկին նախագահի հնարավորությունները, ԱԺ-ում ունեցան 10, հիմա՝ 12, օրեր անց՝ 14-15, իսկ հաջորդ տարում միգուցե կունենան ավելի շատ պատգամավորներ։
Ահա թե ինչու, երբ դաշինքի մյուս անդամները վայր են դնում մանդատները, ՀՅԴ-ն շտապում է վերցնել դրանք։ Նրանք լավ գիտեն ԱԺ-ում լինելու եւ Քոչարյանի հետ համագործակցելու գինը։ Իսկ ՀՅԴ-ի եւ Քոչարյանի տասնամյակներ տեւող համագործակցության պատճառների, հիմքերի ու մանրամասների՝ «քիմիայի» մասին մեր հանրությունն ու քաղաքական դաշտը հավանաբար լավ տեղյակ են։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։