Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում հայտարարել է, թե հավատում է, որ հաջորդ տարի Ուկրաինայում խաղաղություն կլինի:
Ամերիկյան Politico պարբերականը, որն Ուկրաինայի նախագահին ճանաչել է որպես Եվրոպայի ամենաազդեցիկ մարդ, մեջբերել է Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի փորձագետների հերթական տեղեկագիրը, ըստ որի՝ Մոսկվան Ուկրաինայում «իմպերիալիստական եւ առավելապաշտական նպատակներ ունի»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «հատուկ ռազմական գործողությունը» երկարատեւ գործընթաց է, սակայն արդեն զգալի արդյունքներ է արձանագրել: Նա մասնավորապես շեշտել է, որ Ռուսաստանն այժմ վերահսկում է Ազովի ծովը, ինչի համար պայքարում էր դեռ Պետրոս I Մեծը:
Նախօրեին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր նաեւ, որ լրացուցիչ զորահավաքի կարիք չկա: Այս պահին մարտական ստորաբաժանումներում է զորահավաքի ընթացքում զորակոչվածներից միայն 77 հազար 300-ը:
Պուտինը նաեւ նշել է, որ թեեւ միջուկային պատերազմի սպառնալիքն ավելանում է, Ռուսաստանն առաջինը միջուկային զենք չի կիրառի, քանի որ դիտարկում է այն որպես պաշտպանական միջոց։