ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ ՝ Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի եւ Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւի մասնակցությամբ դեկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում: Վարդապետյանը հույս է հայտնել, որ հանդիպումը հնարավորություն կտա արձանագրելու հստակ արդյունքներ, կծառայի 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ հումանիտար պահանջների լիարժեք կատարմանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն է եռակողմ հայտարարությամբ ամրագրված մարդասիրական պահանջների կատարումը, մինչդեռ դրանք Ադրբեջանը մինչ օրս լիարժեք չի կատարել: Այս համատեքստում Վարդապետյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ կատարել է 8-րդ կետի՝ «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն ամրագրող պահանջները:
«Հայտարարության ստորագրումից երկու տարի անց Ադրբեջանում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ: Ադրբեջանի այս վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում եռակողմ հայտարարության նպատակների իրականացմանը»,- շեշտել է Վարդապետյանը:
Հայաստանի գլխավոր դատախազն անդրադարձել է նաեւ երեք երկրների գլխավոր դատախազների մասնակցությամբ այս ձեւաչափով տեղի ունեցած նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ նշելով, որ Հայաստանը կատարել է բոլոր պայմանավորվածությունները: